Գլխավոր / Դատարան / Սեռական բռնության զոհերին ճնշում են նաև ոստիկանությունում․ զեկույց

Սեռական բռնության զոհերին ճնշում են նաև ոստիկանությունում․ զեկույց

Սեռական բնույթի հանցագործություններով քրեական գործերի զգալի մասը ավարտվում է կարճումներով, իսկ եթե գործերը հասնում են դատարան, ապա մեղադրյալները հիմնականում ազատ են արձակվում՝ ստորագրությամբ։ Բռնության զոհ դարձած կանայք իրավական աջակցությունից հիմնականում չեն ստանում, իսկ քննիչները մեղադրում են տուժողներին՝ գնահատականներ հնչեցնելով վարքի վերաբերյալ։

Այս և այլ որակական եզրահանգումներ է հրապարակել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» կազմակերպությունը, որը Քննչական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրել է 2015-2016 թվականներին սեռական անձեռմխելության դեմ հանցագործություններով վարույթները։

Նշված ժամանակահատվածում Քննչական կոմիտեն հարուցել է սեռական բնույթի հանցագործության հատկանիշներով 288 գործ, որոնցից 35 տոկոսը կարճվել է, 10.7 տոկոսը՝ կասեցվել և միայն 57 տոկոսն է մեղադրական եզրակացությունով ուղարկվել դատարան։ Որպես մեղադրյալ ներգրավվել են 208 մարդ՝ բոլորն էլ արական սեռի։ Տուժողների մեծամանսությունը կանայք են, սակայն կան նաև տղամարդու կողմից սեռական բռնության զոհ դարձրած 22 տղամարդ տուժողներ։

Քննչական մարմինները սեռական բնույթի հանցագործություններում կասկածվողների նկատմամբ համեմատաբար քիչ են կիրառել կալանք խափանման միջոցը․ մեղադրվող 208 տղամարդկանցից միայն 32-ին են կալանավորել, իսկ մեծ մասի (135 հոգի) նկատմամբ կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն միջոցը կամ գրավը (12)։

«Ընդհանուր առմամբ, ընդունելով կալանավորումը որպես բացարձակ խափանման միջոց կիրառելը և պրակտիկայում կալանավորումների թվի նվազման միտումը, այնուամենայնիվ սեռական հանցագործությունների դեպքում՝ առավել ևս եթե դրանք կատարվել են երեխայի նկատմամբ, կալանավորումը պետք է քննարկվի նաեւ տուժողի՝ առավելապես երեխայի իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից՝ բացառելով ենթադրյալ հանցագործի կողմից նոր հանցագործությունների կատարումը», — նշում են զեկույցի հեղինակները։

Սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվել են ընտանիքի ներսում․ կասկածյալներից և մեղադրյալներից 73-ը տուժող կնոջ հետ եղել են փաստացի ամուսիններ։

Ոսումնասիրությունը պարզել է նաև, որ ավելացել է անչափահաս անձանց հետ սեռական բնույթի գործողություն կատարելու դեպքերը․ 42 տոկոս 2015 թվականին, 51 տոկոս 2016-ին։ Երկու տարիների հաշվարկով՝ տուժողների մեծամասնությունը 14-16 տարեկան երեխաներ են։

«Քննիչները որոշ դեպքերում սեռական հանցագործությունների տուժող չափահաս կանանց նկատմամբ դրսևորում են ոչ զոհակենտրոն վերաբերմունք: Հարցաքննությունների ժամանակ տրվում են գնահատականներ, անձի վարքի վերաբերյալ ենթադրություններ, որոնք կարող են նպաստել անձի կրկնակի զոհացմանը», — ասված է զեկույցում։

Այն մեջբերում է տուժողին մեղադրող հարցերի մի քանի օրինակ․

— Դուք տարօրինա՞կ չեք համարում ձեր այն պահվածքը, որ տվյալ օրը տվյալ ժամին, երբ ձեր հարևանը նախ եկել է ձեր տուն, ուտելիք և օղի պահանջել, փոխանակ դուք պահանջեիք, որ նա դուրս գար ձեր տանից, անգամ աղմուկ բարձրացնելով և թեկուզ հարևանները գային և օգնեին ձեզ նրան դուրս հանել ձեր տանից, այլ սեղան եք սարքել, նա էլ առիթավորվել է և պահանջել սեռական հարաբերություն: Եթե հարևաններից էիք ամաչում, չէիք մտածում, որ ոստիկանություն դիմելու դեպքում իրենք՝ հարևանները, միեւնույնն է իմանալու էին այս պատմության մասին: Ո՞րն է իրականությունը: Մի՞թե չէիք կանխատեսում, որ ձեր նման պահվածքի արդյունքում նրա հաջորդ քայլը լինելու է սեռական հարաբերություն ունենալու պահանջը:

Կամ․

— Ինչպե՞ս է ստացվում, որ դուք գտնվել եք մտերիմ հարաբերությունների մեջ, միասին հաճախ ալկոհոլ եք օգտագործել, սակայն նա ձեր կամքին հակառակ է սեռական հարաբերություն ունեցել ձեր հետ: