Գլխավոր / Դատարան / Բեռլին այցելած Գարեգին Բ֊ին հիշեցրել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին

Բեռլին այցելած Գարեգին Բ֊ին հիշեցրել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին

«Ազատություն Հայաստանի քաղբանտարկյալներին» գրությամբ եռալեզու պաստառով հոկտեմբերի 21-ին Բեռլինի ավետարանական Մայր Տաճարում դիմավորել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Ակցիայի հեղինակը՝ Լուսինե Մհերյանը, կաթողիկոսին «հանդիպելու» համար Բեռլին էր ժամանել Գերմանիայի Բավարիա մարզից: Epress.am-ի հետ զրույցում կինը նշել է, որ իր ակցիայով ցանկացել է ուշադրություն հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության և երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վրա:

«Չպետք է զարմանալի լինի, որ իմ բողոքը հենց եկեղեցում եղավ: Բարձրաստիճան հոգևոր հայրը, եկեղեցին պետք է կանգնի մեր ժողովրդի թիկունքին: Իմ խնդիրը Գարեգին Բ-ի հետ է, մենք նրա ոչխարները չենք: Ներսեսը (Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող Ներսես Պողոսյանը-խմբ.) սովամահ է լինում. երբևէ որևէ հոգևորական հետաքրքրվե՞լ է նրա վիճակով», — կինն իր մտահոգությունն է հայտնել նաև մյուս քաղբանտարկյալների՝ Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին:

Գերմաներեն, հայերեն և անգլերեն գրությամբ պաստառը բարձրացնելուց րոպեներ անց, կնոջն են մոտեցել տեղի անվտանգության աշխատողները և խնդրել իջեցնել այն: Չնայած դրան, մոտ 30 տարի առաջ Գերմանիայում հաստատված Լուսինե Մհերյանը համարում է, որ իր ակցիան կայացել է:

«Կարծում եմ՝ շատերը սթափվեցին: Իմ աչքերը հանդիպել են Գարեգին Բ-ի աչքերին և նա տեսել է իմ պաստառը. Ես պաստառով կրակեցի նրա ճակատին», — նշել է Մհերյանը: Նա ավելացրել է, որ Հայաստանում ստեղծված նման ծանր վիճակի ֆոնին իրեն զայրացնում են առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ճոխ խնջույքներն ու ուրախությունները:

Նշենք, որ Գարեգին Բ֊ն Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի հոբելյանական տոնակատարությունների շրջանակում պաշտոնական այց էր կատարել Բեռլին: Վերջինս Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի և Գերման-Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսաց խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեթֆորդ-Շտրոմի հետ միասին Բեռլինի ավետարանական Մայր Տաճարում նախագահել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու քրիստոնյաներին նվիրված հատուկ միջեկեղեցական աղոթքը։