Home / Հայաստան / Ռուսաստանցի լրագրողին դանակահարել են խմբագրությունում

Ռուսաստանցի լրագրողին դանակահարել են խմբագրությունում

Այսօր անհայտ անձը ներխուժել է ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրություն ու սուր գործիքով հարվածել է հաղորդավարուհի, գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուերին։ Լրագրողը տեղափոխվել է հիվանդանոց, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

«Ռադիոկայան ներխուժած տղամարդը դանակով հարվածել է Տատյանա Ֆելգենգաուերի պարանոցին։ Նա հոսպիտալացվել է»,֊ ասել է Վենեդիկտովը։

Հանցագործը բերման է ենթարկվել անվտանգության ծառայության կողմից ու փոխանցվել ոստիկանությանը։ Լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում։

Իր հերթին, «Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ հարձակվողները երկուսն են եղել։ Նրանք վնասազերծել են անվտանգության աշխատակցին ու վերելակով բարձրացել 14֊րդ հարկ, որտեղ էլ դանակով հարվածել են Ֆելգենգաուերին։