Home / Շուկա / Բանան ներկրող ընկերության դեմ կատարված հանցագործության քննությունը գնում է կարճման

Բանան ներկրող ընկերության դեմ կատարված հանցագործության քննությունը գնում է կարճման

«Տրոպիկա» ընկերության պահեստում բանանների սառնարանների վրա հարձակման դեպքի քննությունը ձևական բնույթ է կրում, և հավանաբար գործը կկարճվի։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Միրաքյանը։

«Մեր սառնարանները ծծմբաթթվով փչացնելու թեմայով զբաղվող քննիչն ասեց, որ, ամենայն հավանականությամբ, գործը կսառեցվի»,֊ ասել է Միրաքյանը։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին։

Գործով զբաղվում է Արաբկիրի քննչական բաժինը։ Տուժողի խոսքով՝ պահեստը գտնվում է բնակելի թաղամասմում, 20 մետրի վրա կան բնակելի շենքեր, կա հյուրանոց, որն ունի տեսանկարահանող սարքեր։ Սակայն, իր տեղեկություններով, ոչ բնակիչներն են հարցաքննվել, ոչ տեսանկարահանումներն են նայվել՝ գործի նախաքննության շրջանակներում։

«Քննիչը մի անգամ զանգեց, ասեց՝ պահակի համարը ունե՞ս, ասեցի՝ չէ, ու այդպես էլ պահակին չգտան, չհարցաքննեցին։ Երեկ առաջին անգամ էր, որ քննիչը եկավ դեպքի վայր: Հայտնաբերեցին, որ կողպեքը ջարդված է, 5 էջ գրեցին այն մասին, որ կողպեքը ջարդված է։ Գնացինք, ստորագրեցինք։ Տենց պարբերաբար կանչում են»,֊ ասել է Միրաքյանը։

Գործարարը նշում է, որ «Տրոպիկա» ընկերությունը, այնուամենայնիվ, շարունակում է բանանի ներկրումը և մեծածախ վաճառքը Հայաստանում։ Նրա կարծիքով՝ հենց այդ գործունեությանը խոչընդոտելուն էր ուղղված հանցագործների քայլերը։

Նշենք, որ Հայաստանում բանանի ներկրման մենաշնորհը, ըստ շրջանառվող լուրերի, երկար տարիներ պատկանել է ներկայումս ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «Քեթրին» կազմակերպությանը։