Home / Ազգային ժողով / Ճիշտ չէ միավորել ռազմականի շուրջ․ ԱԺ֊ի մոտ բողոքեցին տարկետման իրավունքի սահմանափակման դեմ

Ճիշտ չէ միավորել ռազմականի շուրջ․ ԱԺ֊ի մոտ բողոքեցին տարկետման իրավունքի սահմանափակման դեմ

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում սպասվող փոփոխությունների դեմ պայքարող ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի շարք ուսանողներ այսօր՝ հոկտեմբերի 25֊ին, ինքնաբուխ հավաք էին կազմակերպել Ազգային ժողովի շենքի մոտ։

«Քանի որ նախագիծն այս պահին քննարկվում է ԱԺ֊ում՝ պատմության ֆակուլտետում փոքրիկ, ինքնաբուխ ընդվզում տեղի ունեցավ։ Ընթացքում այլ ֆակուլտետների ուսանողներ ևս մեզ միացել են, բայց սա դեռևս «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության  ակցիան չէ, սա պարզապես մի ֆակուլտետի ուսանողության անհամաձայնություն է»,֊ Epress.am֊ին ասաց ԵՊՀ ուսանող Գեղամ Ասատրյանը։

Ուսանողների կարծիքով՝ նախքան գիտության ոլորտի ռազմականացմանը, Պաշտպանության նախարարությունը պետք է ուշադրությունը հրավիրի այլ ոլորտներում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը վերացնելուն։

«Պրոբլեմն այն է, որ նրանք մեզ ցանկանում են միավորել մի գաղափարի շուրջ, բայց սա այն նույն գաղափարն է, ինչ֊որ «ով առաքելական չի, հայ չի»։ Եթե մենակ ռազմականի կամ կրոնի շուրջ ուզենան մեզ հավաքել, դա այդքան էլ ճիշտ չէ։ Կան շատ այլ գաղափարներ, որոնց շուրջ մարդիկ ավելի հեշտությամբ կհավավքեն, քան սրա։ Եթե ուզում են մարդկային ռեսուրսների քչության կամ ինչ֊որ այլ բանի պատճառով բոլորին տանեն բանակ, թող սկսեն այն մարդկանցից, ովքեր գումարով ազատվում են։ Թող բժշկական կոռուպցիան հանեն, նոր անցնեն ուսումնական ու գիտական ոլորտները խոչընդոտելուն»,֊ մեզ հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը։

Նշենք, որ մինչ ուսանողները Ազգային ժողովի շենքի դիմաց սպասում էին Վիգեն Սարգսյանի հետ հնարավոր հանդիպմանը, ԱԺ֊ում զուգահեռ քննարկվում էր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» նոր օրինագիծը, ըստ որի՝ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած անձանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 3 տարի, իսկ տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է։