Home / Շուկա / Եվրոպական ինտեգրումը ինչ֊որ կերպ պետք է տարբերվի ռուսականից

Եվրոպական ինտեգրումը ինչ֊որ կերպ պետք է տարբերվի ռուսականից

Հայաստանը պատրաստվում է համագործակցության մասին համաձայնագիր կնքել Եվրոպական Միության հետ։ Եվրամիության խորհուրդը հրապարակել է համաձայնագրի տեքստը․ ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի «Արևելյան գործընկերության» երկրների (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Երևանը Եվրամիության ասոցիացիայի ու ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը կստորագրեր 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում։ Վիլնյուսյան գագաթնաժողովից երկու ամիս առաջ, սակայն, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու ու եվրասիական ինտեգրացիային մասնակցելու մասին։ 2015֊ին Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիր ստորագրեց։

Այնուամենայնիվ, 2015 թվականի հոկտեմբերին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովին հանձնարարեց Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսել։ Այն մասին, թե տվյալ համաձայնագիրը Հայաստանին ինչ կարող է տալ և արդյոք այն կարող է երկրի համար շրջադարձային համարել, «Էխո Կավկազա» լրատվականը զրուցել է հայաստանցի քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։

֊ Ինչ վերաբերում է ատոմակայանը փակելու Եվրոպայի պահանջին․ եթե այն սպառնում է Հայաստանի ինտեգրմանը, ապա դրան շատ պարզ լուծում կարելի է տալ՝ պետք է փակել ատոմակայանը, և Եվրոպան կարող էր հովանավորել նոր, ավելի անվտանգ ատոմակայանի կառուցումը։ Նրանք, սակայն, հարցերն իրենց կերպով են ներկայացնում․ եկեք ինքներդ մտածեք՝ ինչպես եք փակելու։ Իսկ ինչպե՞ս փակել։ Այսինքն՝ այլընտրանքներ չկան։

Երկիրը հայտարարում է անվտանգության վերաբերյալ խնդիրների մասին՝ Ադրբեջան, Թուրքիա, և այլն։ Ռուսաստանը ֆինանսավորում է նրանց, մատակարարում զենք, իսկ Եվրոպան երբեք չի ասում՝ դե իսկ մենք էլ ձեզ մեր սպառազինությունները կառաջարկենք՝ ավելի ժամանակակից, ավելի հզոր։ Օրինակ, ներկայումս ատոմակայանը եվրոպական տարածության համար վտանգ է ներկայացնում, ու դրանով պետք է զբաղվել։ Եթե վտանգ է ներկայացնում, ապա պետք է ֆինանսավորել, որպեսզի այն փակվի։ Դեռևս նման ընկալում չկա։

Եվ սա նույնպես անվստահություն է առաջացնում եվրոպական ինտեգրման վերաբերյալ, քանի որ Եվրոպայում դեռևս անտարբերություն է նկատվում Հայաստանի խնդիրների հանդեպ։ Ստացվում է այսպես՝ ինքներդ մտածեք՝ ինչ եք անելու։ Նման լուրջ խնդիրների առկայության արձագանքը լռությունն է՝ ինչպես ուզում եք, այնպես էլ լուծեք։ Այդպես չի կարող լինել։ Ինտեգրումը պետք է վերաբերի կողմերից յուրաքանչյուրի կարևորագույն խնդիրներին, առավել ևս, երբ դրանք վերաբերում են այլ երկրների։ Տվյալ պարագայում ատոմակայանի խնդիրը վերաբերում է բոլորին, ու, հետևաբար, անհրաժեշտ է գտնել այդ խնդիրը լուծումը։ Եվրոպան, սակայն, դեռևս սա չի գիտակցում։ Եվրոպան սա համարո՞ւմ է իր խնդիրը, կարծո՞ւմ է որ պետք է մասնակցի դրա լուծմանը, թե՞ այդ լուծումը թողնում է Հայաստանի ուսերին։ Կարծում եմ, որ ինտեգրման դեպքում լուծմանը պետք է մասնակցեն բոլոր կողմերը։ Վերջիվերջո, եվրոպական ինտեգրումը պետք է ինչ֊որ կերպ տարբերվի ռուսաստանյան նախագծերին ինտեգրումից։ Ու հենց սրանով։

Ռուսաստանյան ինտեգրացիոն նախագծերում նման բան չկա․ այստեղ քեզ թելադրում են, ասում՝ արա այս բանը, գնա ջերմոցներ կառուցիր, լոլիկներ վաճառիր Ռուսաստանին, և վերջ, մեզ չի հետաքրքրում․ չհնազանդվես՝ կբարձրացնենք գազի գինը։ Այսինքն, սա կամավոր֊պարտադիր ինտեգրում է։ Եվրոպական ինտեգրումը հենց դրանով էլ տարբերվում է, որ այն յուրաքանչյուր երկրի խնդիրն իրենն է համարում, այսինքն՝ Եվրոպան չպետք է ասի՝ դուք այդտեղ ինչ֊որ բան փակեք, դա ձեր խնդիրն է։ Եթե մենք ինտեգրվում ենք, ապա դա մեր ընդհանուր խնդիրն է, եկեք մտածենք՝ ինչպես այն լուծել։ Սա չպետք է խնդիր լինի, ու, քանի որ ներկայումս խնդիր է, ապա ինտեգրման հանդեպ վստահությունը կորում է։