Home / Բանտ / Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացել է․ նա հրաժարվում է «Սասնա ծռերի» գործով դատարան գալ

Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացել է․ նա հրաժարվում է «Սասնա ծռերի» գործով դատարան գալ

«Սասնա ծռերի» գործով անցնող քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանն այսօր դատարանում հայտարարել է, որ դատարան է գալիս մի գործով, որի հետ ինքը կապ չունի, ինչի հետևանքով առողջական անկումներ է ունենում։

Եղնուկյանը հայտարարել է, որ այլևս չի գալու դատարան և դուրս եկել նիստերի դահլիճից։ Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է և Եղնուկյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը նախկինում միջնորդել էր, որ իր գործը անջատվի «Սասնա ծռերի» գործից, սակայն դատարանը մերժել էր։

Եղնուկյանը նաև ասել է, որ չի պատրաստվում « էշ նահատակ դառնալ և մեռնել դատարանում»։

Նրա դուստրը՝ Էլմոն Եղնուկյանը, Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ իր հայրը վատացել է նաև նախորդ նիստի ժամանակ։

«Այն ժամանակ շտապօգնությունը նորից եկավ, երակային և մկանային ներարկումների, դեղահաբերի միջոցով իջացրեցին ճնշումը, ու տեղափոխեցին ԱԱԾ»,֊ ասել է Էլմոն Եղնուկյանը։

Այսօրվա նիստին Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Միջնորդությունը դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ: Նրան ձերբակալել էին հուլիսի 19-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրավելուց 2 օր անց։ Նրա գործը միացվել էր «Սասնա ծռերի» գործին։ Եղնուկյանը հուլիսի 17-ից 19-ն ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիաների մասնակից էր։