Home / Բանակ / Նախկին զինծառայողի մայրը ակցիա է անցկացրել ՊՆ֊ի մոտ․ պահանջում է բուժել որդուն

Նախկին զինծառայողի մայրը ակցիա է անցկացրել ՊՆ֊ի մոտ․ պահանջում է բուժել որդուն

Գյումրիի տնակներից մեկում բնակվող միայնակ մայր Ասլի Հասանյանը բանակում ի հայտ եկած հիվանդությամբ տառապող որդու՝ Արթուրի հետ այսօր բողոքի ակցիա է անցկացրել Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Հասանյանը հանդիպում է պահանջել նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն նրան ասել են, որ նախարարը իրեն չի կարող ընդունել:

Կինը պահանջում է, որպեսզի ՊՆ-ն ստանձի որդու բուժումը՝ հոգալով բոլոր ծախսերը։ Այժմ, ըստ Ասլի Հասանյանի, որդին ստանում է 23 հազար դրամ նպաստ, ինչը չի բավարարում անգամ սննդի ծախսերին: Նա նշում է,որ սննդի պակասից 4 երեխաներ ունեցող ընտանիքի անդամներն արդեն առողջական խնդիրներ ունեն:

«Պաշտպանության նախարարությունում Աշիկ Պողոսյանն ինձ ասաց՝ եթե մնաք ստեղ, ոստիկանություն  կկանչեմ: Նա ասել է՝ գնացեք, եթե գտնեք բժիշկ, որ կբուժի այդ հիվանդությունը, ՊՆ-ն կֆինանսավորի»,-  Epress.am֊ի հետ հեռախոսազորւյցում պատմել է Հասանյանը:

Կինն ասել է, որ ՊՆ-ն առաջարկում է միայն անվճար մերսումներ Կարմիր Խաչի հիվանդանոցում։ Նրա խոսքով, սակայն, այդ մերսումները ոչ միայն չեն օգնում հիվանդության հաղթահարմանը, այլև վնասում են:

20-ամյա Հասանյանի մոտ ախտորոշվել էր «սպինալ ամիոտրոֆիա՝ հեմիատրոֆիկ տիպ: Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ` կլինիկական ռեմիսիայի շրջանում: Ձախակողմյան վարիկոցելլե II-IIIO»:

Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ մեզ հայտնել են, որ այդ հիվանդությունը ժառանգական է:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդության առաջին արտահայտությունը ի հայտ է եկել և ախտորոշվել է ծառայության ընթացքում, զինվորական ծառայության հետ պատճառական կապը որոշվել է՝ այո, ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում: Զինվորական ծառայության հետ հիվանդության պատճառական կապի որոշման ընթացքում մեծ դեր է ունեցել նաև այն հանգամանքը, որ Ա. Հասանյանը զորակոչվել և մեկ տարուց ավելի ծառայել է՝ չունենալով նյարդաբանական խնդիրներ…

Հասանյանի ծնողը բազմիցս դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով որդու բուժումը կազմակերպել արտերկրում, ինչի վերաբերյալ զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դիմումատուին տրվել գրավոր պատասխան առ այն, որ որ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական բյուջեի միջոցների հաշվին հոգալու իրավունքից բացառապես օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, իսկ Ա.Հասանյան մոտ առկա հիվանդությունը կապված չէ մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում ստանալու հետ», ֊ գրել են ՊՆ֊ից։

Նախկին զինծառայողը վիրավորում է այդ հայտարարությունից: Նա իր հիվանդության մասին այլ վարկած ունի ունի. «Ես ինքնակամ եմ գնացել դիրքեր, երեք ամսվա ծառայող եմ եղել՝ գնացել եմ պոստեր։ Ես պոլկի երես համարյա չեմ տեսել։ Ապրիլի 4-ին իմ ուղղությամբ նռնակ է ընկել, ինձ հեռու է շպրտել։ Սկզբից ունեի մեջքի ցավեր, բայց խառը օրեր էին, ուշադրություն չէին դարձնում։ Ի՞նչ ա, որ չեմ մահացել, ուրեմն դիրք չե՞մ պահել»: