Գլխավոր / Առողջապահություն / Զինծառայողը հիվանդ է, բայց ծառայությունից չի ազատվում, ահազանգում են ծնողներն ու փաստաբանը

Զինծառայողը հիվանդ է, բայց ծառայությունից չի ազատվում, ահազանգում են ծնողներն ու փաստաբանը

2017-ի հունվարի 27-ին զորակոչված Ա․ Ղազարյանը ծառայության 9 ամիսների մեծ մասն անցկացրել է տարբեր հոսպիտալներում․ նա գլխապտույտներ է ունենում, բերանից արյունահոսություն և, ըստ էության, մեկ օր չի ծայառել։ Ղազարյանի մտահոգված ծնողները և փաստաբանը՝ Նորայր Նորիկյանը, պահանջում են զինծառայողին պահել մշտական բժշկական հսկողության տակ և վերանայել նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը։ Այս մասին նրանք բաց նամակ են հրապարակել՝ ուղղված Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։

Նորիկյանը Epress.am֊ին ասել է, որ Ղազարյանին հետազոտելով՝ զինվորական բժիշկները հայտարարում են, որ նրա մոտ էպիլեպսիա չեն հայտնաբերել։

«Շատ լավ է, որ չեն հայտնաբերել, բայց պետք է պարզեն չէ՞ ինչից են այդ գլխապտույտները»,֊ ասել է նա։

Փաստաբանը կարծիք է հայտնել, որ զինվորի առողջական վիճակը այնպիսի է եղել, որ նա առհասարկ չպետք է ճանաչվեր պիտանի ծառայության համար և զորակոչվեր։

Բողոքներից և բաց նամակներից հետո Ղազարյանին զինակոչելու մասին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննության օրինականության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս):

Նորիկյանը տեղյակ չէ՝ կան արդյոք պաշտոնյաներ, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, բայց գիտի, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Սրանով հանդերձ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) կողմից հոկտեմբերի 30-ին զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ ընդունվել է դրական որոշում, այն դեպքում, երբ տառացիորեն ԿՌԲՀ-ի նիստից մեկ օր առաջ Ա. Ղազարյանը կորցրել է գիտակցությունը, իսկ արդեն դուրս գրվելուց հետո N հոսպիտալում գտնվելու ժամանակ կրկին անգամ կորցրել է գիտակցությունը, որին հաջորդել է բերանից արյունահոսություն», — ասում է փաստաբանը՝ Վիգեն Սարգսյանին ուղղված բաց նամակում։

Epress.am֊ը խնդրի առնչությամբ փորձել է Պաշտպանության նախարարության դիրքորոշումն իմանալ։ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ բաց նամակի հետ դեռ չի հասցրել ծանոթանալ։