Home / Մարզեր / Արենցիները դասադուլով պահանջում են հեռացնել նախընտրական քարոզչություն անող տնօրենին

Արենցիները դասադուլով պահանջում են հեռացնել նախընտրական քարոզչություն անող տնօրենին

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի դպրոցում այսօր առավոտվանից աշակերտները դասադուլ են արել՝ պահանջելով տնօրեն Ավետ Հայրապետյանի հրաժարականը։ Արենցիները դեմ են Հայրապետյանին՝ պնդելով, որ վերջինս դասերի ընթացքում զբաղվել է նախընտրական քարոզչությամբ:

«Առաջին դասի ավարտից հետո մեր ծնողները եկել են դպրոցի մոտ, մենք միացել ենք նրանց և դասադուլ հայտարարել: Հետո բոլորս միացել ենք գյուղի կենտրոնում բողոքի ակցիա անող արենցիներին», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է այսօրվա դասադուլի մասնակից աշակերտներից մեկը:

Նոյեմբերի 5-ին Արենի խոշորացված համայնքում ընտրություններ են անցկացվել, և Հայրապետյանը դպրոցում քարոզել է Արենիին միացված Ռինդ համայնքի ներկայիս գյուղապետ, ՀՀԿ֊ական Հուսիկ Սահակյանի օգտին։

«Նա երեխաներին ասում է՝ հեսա կտեսնեք, Հուսիկը կգա ձեր գյուղի գյուղապետ, ինչեր կանի։ Հիմա էլ Հուսիկը մինչև 30.000 դրամ ընտրակաշառքով ընտրվեց, մտել է դպրոցներ, ասել է՝ տեսա՞ք մեր ազգի տղեն ինչպես հաղթեց»,֊ պատմել է արենցիներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ։

Նոյեմբերի 5-ի ընտրություններում 9 գյուղերից կազմված խոշորացված համայնքում հաղթել է Հուսիկ Սահակյանը։ Համայնքի կենտրոնը լինելու է Արենին, մյուս գյուղերում համայնքապետարանի ներկայացուցիչներ են լինելու։

«Փաստորեն, մենք չենք ունենալու ներկայացուցիչ, ու կողքի գյուղի գյուղապետն է տնօրինելու մեր համայնքապատկան գույքը»,֊ ասել է մեր զրուցակիցը։

Արենցիների պահանջով Վայոց Ձորի մարզպետարանից եկել են գյուղ և խոստացել կատարել գյուղացիների պահանջը՝ նոր տնօրեն նշանակել։ Արենիի բնակիչները պատրաստվում են վաղն էլ դպրոցը բոյկոտել, եթե տնօրենին չհեռացնեն մինչև առավոտ։

Իր հերթին, Արենիի ներկայիս գյուղապետ, անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանը գյուղի կենտրոնում հավաքված բողոքի ցույցի մասնակիցների հորդորել է սպասել մինչև ամսվա վերջ, երբ կավարտի իր պաշտոնավարումը:

«Մեր պահանջը լսվել է իշխանությունների կողմից, տեսնենք իրենք ինչ լուծում կտան, ըստ այդմ էլ՝ քայլեր կձեռնարկենք», – ասել է գյուղապետը:

Նշենք, որ ընտրություններին մասնակցած 1149 արենցիներից 878 ընտրել է Րաֆֆի Խաչատրյանին:

Խոշորացված համայնքում քվեարկությանը մասնակցած 6338 ընտրողների ձայները բաժանվել են հետևյալ կերպ. Րաֆֆի Խաչատրյանը ստացել է 1175 ձայն, Հուսիկ Սահակյանը՝ 3123 ձայն, Ռազմիկ Վարդանյանը՝ 1967 ձայն:

Ըստ արենցիների՝ Հուսիկ Սահակյանին հովանավորն է նրա մտերիմ ընկեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, մարզում մեծ ազդեցություն ունեցող ծնունդով Աղավնաձոր գյուղից Սամվել Սարգսյանը:

«Շատ մեծ քանակությամբ գումար են բաժանել, կաշառել են ընտրողներին», – նշում են արենցիները: