Գլխավոր / Դատարան / Ռուսական զորքի դեմ բողոքի ակցիան տապալած Ոստիկանությունը պետք է համարժեք փոխհատուցի, վճռել է ՍԴ-ն

Ռուսական զորքի դեմ բողոքի ակցիան տապալած Ոստիկանությունը պետք է համարժեք փոխհատուցի, վճռել է ՍԴ-ն

Ոստիկանությունը պետք է բավարար չափով փոխհատուցում տրամադրի Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին, որը 2011 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, բողոքի ակցիա էր անցկացրել տոնական շքերթին ռուսաստանյան զորամիավորման մասնակցության դեմ և ակցիայի մեկ այլ մասնակից Առնո Կուրի հետ բռնությամբ բերման էր ենթարկվել բաժին: Նոյեմբերի 9-ին նման որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը:

Նախկինում Ոստիկանությունը մերժել էր Բարսեղյանի փոխհատուցման պահանջը, իսկ Վարչական դատարանը բավարարել էր այն միայն մասնակի։ Ըստ Վարչական դատարանի որոման, Ոստիկանությունը որպես գույքային և ոչ գույքային վնասների փոխհատուցում պետք է տար 200 հազար դրամ, մինչդեռ Լևոն Բարսեղյանն իր կրած բարոյական վնասը գնահատել էր 2000 եվրո, իսկ դատական նիստներին մասնակցելու համար բենզինի վրա ծախսած գումարը 87 հազար դրամ։

Բարսեղյանը դիմել էր ՍԴ՝ նկատելով, որ ոչ գույքային վնասի հատուցման մասին ՀՀ օրենսդրությունը որով առաջնորդվել էր Վարչական դատարանը, չի նախատեսում փոխհատուցում  բոլոր իրավունքների վերաբերյալ։ Բարսեղյանին բերման ենթարկելով՝ Ոստիկանությունը խախտել էր նրա խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու իրավունքները, որոնց վերաբերյալ ոչինչ նշված չէ «Ոչ գույքային վնասի հատուցման մասին» օրենսդրական հոդվածում։

Սահմանադրական դատարանում պատասխանող ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ա․ Թևանյանը խնդրել էր կարճել վարույթը՝ ասելով, որ ոլորտում կա իրավական բաց։

ՍԴ֊ն վճռել է, որ մինչ այդ բացը չի հաղթահարվել, քաղաքացիների իրավունքները միևնույն է պետք է հարգվեն, և ոչ գույքային վնասի հատուցման հնարավորությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերում և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու և քաղաքացու բոլոր հիմնական իրավունքների խախտման դեպքերում։

Սահմանադրական դատարանը նաև նշում է, որ քանի որ այս վճիռը նոր երևան եկած հանգամանք է, փոխհատուցման հարցը Վարչական դատարանում նորից պետք է քննվի, և ՀՀ օրենքները պետք է ճիշտ մեկնաբանվեն։