Գլխավոր / Շուկա / 5 տարի անց Հայաստան-Իրան երկաթգծի բլեֆը հաստատվեց

5 տարի անց Հայաստան-Իրան երկաթգծի բլեֆը հաստատվեց

Հայաստանի հարավային երկաթուղու ծրագիրը, որով փոխադրումների նոր ուղի պետք է կառուցվեր դեպի Իրան, պատշաճ չի կատարվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության  կողմից։ ՀՀ կառավարությունը իրականացնելու է երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ։  Այս մասին հայտարարել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը։

«Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը», — հայտարարել են  նախարարությունից։

Նշենք, որ «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի  հետ ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել 2012 թվականի նոյեմբերի 10-ին։ Տրանասպորտի և կապի նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը Epress.am-ին զանգին ի պատասխան ասել է, որ պայմանագիրը ենթակա չէ հրապարակման։

Սակայն ավելի վաղ «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի գլխավոր տնօրեն Ջոզեֆ Բորկովսին մամուլին հայտնել էր պայմանագրի մանրամասները։ Երկաթգծի շինարարությունը պետք է սկսվեր 2016 թվականին, և տևեր 6 տարի և այն պետք է շահագործման հանձնվեր 2022 թվականին։ Այն պետք է ունենար 304.7 կիլոմետր ընդհանուր երկարություն, 60 թունել, 84 կամուրջ։   Շինարարության ամբողջ ծախսը՝ 3.2 միլիարդ դոլար, արվելու էր «ՌԱՍԻԱ ՖԶԷ»֊ի և  Չինական հաղորդակցական ընկերության կողմից և ՀՀ Կառավարության մասնակցության անհրաժեշտություն չպետք է լիներ։

Դեռ 2013 թվականին տնտեսական լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի  թղթակից Հայկ Գևորգյանը գրել էր, որ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը «բլեֆ է»։

«2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը։ Մեկ ամսից ընտրություններ են, ու եթե Սերժ Սարգսյանին հարցնեն, թե ի՞նչ եղավ երկաթուղին, նա կասի, թե աշխատանքները սկսված են։ Հենց միայն այս նպատակով Դուբայում գրանցված մի բոլորովին անհայտ ընկերություն են գտնում, որի տնօրենը կհամաձայնվի մի քանի օր` ոչ իր հաշվին ժամանակ անցկացնել Հայաստանում։ Այդ օրերի ընթացքում նա իր հետ բերած կնիքը պետք է մի անգամ թանաքոտի ու կնքի մի համաձայնագիր, պետք է դրա տակ ստորագրի, մի նախարարի հետ պետք է լուսանկարվի ու վերջ` ազատ է, ինչպես քամին։ Իսկ թե ինչ կլինի մի քանի տարի անց, իշխանություններին չի հետաքրքրում։ Օրինակ, հիմա ո՞վ է հիշում «Արմենիկում» անունով բլեֆի մասին, որը պետք է «սպիդ» բուժեր։ Կամ որ հիշում են՝ ի՞նչ։ Դրա մասին էլ էր, չէ՞, Սերժ Սարգսյանը հայտարարել մի 15 տարի առաջ», — գրել էր «Հայկական ժամանակը»։

Ընկերությունը վաղուց կասկածելի էր մամուլի համար, քանի որ այն գրանցված է  օֆշորային գոտում: Այս մասին 5-րդ գումարման ԱԺ ամբիոնից հայտարարել էր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Կառույցը, որ կոչվում է «Ռոսիա ՖԶԷ», որևէ զանգի, հարցի չի պատասխանում, ասել է թե` այդպիսի կառույց չի էլ եղել, ու կապի նախարարությունն ուղղակի սարքել է թղթերը` գումարներ դուրս գրելու համար», — ասել է Մանուկյանը։