Գլխավոր / Բանակ / Տարկետման վերացման դեմ ակցիայի մասնակիցներին արգելեցին մտնել Տնտեսագիտական

Տարկետման վերացման դեմ ակցիայի մասնակիցներին արգելեցին մտնել Տնտեսագիտական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ անարդյունք հանդիպումներից հետո՝  ակադեմիական տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողներն այսօր շարունակում են դասադուլը։ Ինչպես և նախորդ շաբաթ, այսօր էլ դասադուլավորները շրջում են Երևանի համալսարաններով՝ կոչ անելով միանալ իրենց ակցիային։ Ուսանողները բուհերում խոչընդոտների են հանդիպում: Մասնավորապես, Երևանի պետական համալսարանի մի քանի մասնաշենքերում անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել դասադուլավորների մուտքը։ Ավելի լուրջ դիմադրության է դասադուլը հանդիպել Տնտեսագիտական համալսարանի մոտ։ Անվտանգության աշխատակիցները հատկապես կոպիտ են եղել լրագրողների հետ՝ ասելով. «Լրագրողները վաբշե գնացեք ստեղից: Մեզ հրահանգել են, որ լրտավամիջոցներին չթողնենք»։

Տնտեսագիտականի բակ կարողացել են մտնել միայն այն ուսանողները, որոնք այդ բուհից են։ Անվտանգության  աշխատակիցներից անցնելուց հետո տնտեսագետ ուսանողներին դիմավորել են մոտ 50 տղաներ, հավանաբար,  նույնպես այդ բուհից։ Նրանք պահանջել են «չխանգարել դասապրոցեսը»։

«Հիմնական արգելքն էն էր, որ չէին թողնում մտնել ոչ լիազորված անձինք: Ես առաջին կուրսեցի եմ, չգիտեմ՝ իրենք ուսանող են, թե ոչ։ Բայց դե մենք մեր ասելիքն ասեցինք։ Վաղվանից կփորձենք ինքնակազմակերպվել բուհի ներսում՝ ինչքան էլ որ խոչընդոտներ լինեն», — ասել է դասադուլին միացած Տնտեսագիտականի ուսանողներից մեկը։

Հիշեցնենք, որ Երևանի տնտեսագիտական համալսարանը հայտնի է դասադուլների դեմ ուսխորհրդի անդամների պայքարով: 2013 թվականի փետրվարյան նախագահական ընտրություններից հետո տարբեր բուհերի ուսանողներ դասադուլ էին հայտարարել և ակցիաներ էին անցկացնում համալսարաններում՝ հորդորելով միանալ ընտրակեղծիքների դեմ անցկացվող դասադուլին։ Երբ բողոքի ակցիա անցկացնողները մոտենում էին Տնտեսագիտական համալսարանին, որոշ երիտասարդներն իրենց ընկերների հետ փակում էին համալսարանի մուտքը՝ թույլ չտալով, որ ներսում գտնվող ուսանողները միանան դասադուլավորներին, ինչպես նաև արգելելով որևէ մեկի մուտքը բուհ։ Դասադուլին միանալու կոչերին ի պատասխան՝ նրանք պնդում են, որ «ուզում են դասի նստել»։

Նույն երիտասարդները մամուլում և սոցցանցերում լայն ճանաչում ստացան որպես «սաքուլիկներ», այն բանից հետո երբ նրանք կոպտորեն արգելեցին լրագրողներին մտնել Տնտեսագիտական համալսարան՝ մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսությանը։