Home / Բնապահպանություն / Դիլիջանի ապօրինի դելֆինարիումը գործում է Ռուսաստանի չհաստատված օրենքով

Դիլիջանի ապօրինի դելֆինարիումը գործում է Ռուսաստանի չհաստատված օրենքով

«Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան» հյուրանոցում, որտեղ մատուցվում է «տարածաշրջանում միակ» լող դելֆինի հետ և դելֆինաթերապիա ծառայությունը, դելֆիններին պահում են Ռուսաստանի Դաշնության չհաստատված օրենքի համաձայն։ Այս մասին Epress.am֊ին ասել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը։

«Մենք դիմել էինք ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ստուգումներ իրականացնելու խնդրանքով։ Տեսչական մարմինը գնացել էր, ստուգել և ասել, որ դելֆինների ներկրման փաստաթղթերը նորմալ վիճակում են, կենդանիները՝ չիպավորված, այսինքն՝ նրանք ծնվել են անազատության մեջ։ Բացի սրանից ուղարկեցին փաստաթղթերի մի փաթեթ, որտեղ կար նաև Սոչիի դելֆինարիումի մասին մի փաստաթուղթ»,֊ ասաց Սիլվա Ադամյանը։

Փորձագետի խոսքով՝ փաստաթուղթը հիմք է տալիս պնդել, որ «Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան» հյուրանոցում իրականացվում է «անօրինական գործողություն»։

«Այդ փաստաթղթում գրված է, որ դելֆիններին պահում են ՌԴ «Դելֆինների պահպանման մասին» նախագծի հիման վրա։ Կազմակերպությունը, որը Հայաստան է բերել դելֆիններին ռուսական է։ Նրանք ներկայացրել են Ռուսաստանի Դաշնության ինչ֊որ նախագիծ, որը պետք է հաստատվեր, բայց դեռ չի հաստատվել և այդ չհաստատված նախագծի վրա հիմնվելով ՀՀ են բերել և պահում դելֆիններ։ Ստացվում է լրիվ անօրինական գործողություն», – նշում է Սիլվա Ադամյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում կազմակերպությունները պետք է առաջնորդվեն միջազգային ստանդարտներով, ոչ թե՝ ռուսական չհաստատված օրենքներով։

Բացի այդ Սիլվա Ադամյանի խոսքով՝ թեև «Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան» հյուրանոցում պնդում են, թե լողավազանը կառուցվել է հատուկ դելֆինների համար, սակայն այն չի համապատասխանում դելֆինների պահպանման եվրոպական ստանդարտներին։

«Միջազգային նորմերով հաստատված է, որ դելֆինարիումները չպետք է ունենան սուր անկյուններ։ Այդ կենդանիները սովոր են երկար տարածություններ լողալ։ Նրանք գլխի մեջ ունեն մի օրգան, որը ֆիքսում է բարիերները։ Այստեղ, քանի որ տարածքը փոքր է, դելֆինները ֆիքսում են այդ բարիերները, սկսում են աննորմալ վարքագիծ դրսևորել և իրենք իրենց խփել պատերին», – ընդգծում է Սիլվա Ադամյանը՝ նշելով, որ լողավազանն իրականում նախատեսված է մարդկանց համար։