Գլխավոր / Բանակ / Տարկետման վերացման դեմ պայքարող 5 ուսանողներ հացադուլ են հայտարարել՝ փակվելով լսարանում

Տարկետման վերացման դեմ պայքարող 5 ուսանողներ հացադուլ են հայտարարել՝ փակվելով լսարանում

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից 5 հոգի այսօր Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են սկսել։

Նրանք հրաժարվում են դուռը բացել, անգամ եթե այլ ուսանողներ էլ ցանկանան միանալ հացադուլին։

«Մեր հիմնական հայտարարությունը այն է, որ անգամ այս ուսանողական շարժումից հետո Ազգային ժողովը չցանկացավ, որպեսզի ուսանողները ներկա լինի քննարկման և իրենց ձայնը բարձրաձայնեն, և հիմա այդ օրենքը դրվելու է քվեարկման՝ առանց որևէ փոփոխության։ Երկրորդ՝ մենք փորձում ենք սրանով ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնով կարող է ազդեցություն ունենալ։ Այն հասարակական անտարբերությունը, որ կա, շատ ցավալի է։ Մենք ուզում ենք մեր լուման ունենալ, որպեսզի այդ հասարակական անտարբերության պատը որոշակի առումով կոտրենք»,֊ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փակված լսարանի դռան հետևից ասել է հացադուլավոր ուսանողներից մեկը՝ Դավիթ Պետրոսյանը։

Հացադուլավորները կդադարեցնեն հացադուլը, եթե այսօր ԱԺ֊ում քննարկվող «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում սպասվող փոփոխությունները կասեցվեն։