Գլխավոր / Ազգային ժողով / Իշխանավորը համոզեց շարժման «լիդերներին». Ուսանողները ցրվում են (թարմացվում է)

Իշխանավորը համոզեց շարժման «լիդերներին». Ուսանողները ցրվում են (թարմացվում է)

15։40  Պատվիրակների և հանրապետականի հանդիպումից հետո Ազգային Ժողովի դիմացը հավաքված մարդկանց թիվը սկսեց պակասել։ Տեղ-տեղ խմբերով դեռ քննարկում են ստեղծված իրավիճակը և շարունակության տարբերակները։

15:30 Գրեթե մեկ ժամ տևած հանդիպումից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպեց լրագրողների հետ։

Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանությունն իրենց կլոր սեղան կազմակերպելու հնարավորություն է տվել։ Էդուարդ Շարմազանովի խոսքերով, նրանք ուսանողների հետ խոսել են երեք կարևոր կետի շուրջ։ Կլոր սեղանի շրջանակներում, որը լինելու է հրապարակային, քննարկվելու է տարկետման խնդիրը, ուսանողության և կրթության «բազում խնդիրներ»։

Շարմազանովն ասաց նաև, որ իրենք խնդրել են դադարեցնել հացադուլն ու դասադուլը։ ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ՝ հացադուլն այս պահին ինքնանպատակ է։ Նոյեմբերի 22֊ին լինելու են «գլոբալ» քննարկումներ։

Դավիթ Պետրոսյանը նշեց, որ հացադուլն ինքնանպատակ չէր, այլ իրենց ձայնը բարձրաձայնելու միջոց և այս պահի դրությամբ միջոցն աշխատեց, և այս պահին դասադուլն ու հացադուլը դադարեցվում է։

Նա նշեց, որ ամենասկզբից ասել են, որ դասադուլը միջոց է իրենց ձայնը բարձրաձայնելու համար։ Սակայն, կլոր սեղանից և քննարկումներից հետո կհասկանան ինչպես շարունակել։ Ըստ ուսանողի, իրենց ասել են․ «Եթե դուք կարողանաք մեզ հակառակն ապացուցել, ապա օրենքը հետ կընդունենք»։

14։20 «Սասնա Ծռեր» խմբի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ բողոքի դուրս ուսանողներին է ողջունել ապստամբ, ղարաբաղյան պատերազմի վետերան Արայիկ Խանդոյանը։ Նա կոչ է արել շարունակել պայքարը և չթողնել «վիգենիկներին ստրկացնել» իրենց բանակում (մանրամասները՝ ավելի ուշ)։

Մինչդեռ Կանադայում Հայաստանի դեսպան, ԿՎՆ-շիկ Գարիկ Մարտիրոսյանի եղբայր Լևոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Կանադա այցի մասին պատմող լուսանկարներ:

13։42  Մարդիկ շարունակում մնալ Ազգային Ժողովի դիմաց, որտեղ նախատեսվում էր կազմակերպել հանրային քննարկում՝ հետագա քայլերը որոշելու համար։ Քննարկումը հետաձգվեց, քանի որ ուսանողների պատվիրակությունը մտավ ԱԺ բանակցությունների:

Դրանից առաջ մի քանի պատգամավորներ, ում անունները չեն նշվում խոստացել են 15 րոպեից գալ ուսանողների մոտ, սակայն ժամկետն անցել է, և նրանք դեռ չկան։

Ուսանողների մոտ դուրս եկավ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, ով հրավիրեց հերթական հանդիպման իրենց պատգամավորներից մեկի հետ։ Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքը Էդուարդ Շարմազանովի մասին է։ Չորս հոգանոց ուսանողական պատվիրակությունը որոշել է հանդիպել իշխանավորի հետ՝ պարզելու համար, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ երկրի ղեկավարությունը։

11:48  Ուսանողական ակցիայի մասնակիցները դիմադրեցին ոստիկանների առաջին հարվածին՝ ամբողջությամբ չազատելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասը: Faktor.am-ի տեղեկություններով, կան բերման ենթարկված։ ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանում հացադուլ անող ուսանողները ընդունեցին ակցիային միանալու կոչը: Կոչը հնչեցրած Վահան Կոստանյանը հայտարարեց, որ հետագա քայլերը պետք է որոշվեն կոլլեկտիվ սկզբունքով՝ «մեզ պետք են սթափ որոշումներ»:

11:36 
 Ոստիկանությունը ավելացնում է ուժերը՝ ուսանողներին դեմ դուրս են բերել նաև կարմիր բերետավորներին: Տեղ-տեղ հրմշտոցի ընթացքում ոստիկանները հարվածում են ակցիայի առանձին մասնակիցներին, գցում գետնին և քարշ տալիս:

11:33  Այս պահին ոստիկանները սկել են ուժ կիռարել Բաղրամյան փողոցում հավաքված ուսանողների հանդեպ՝ հրելով նրանց դեպի մայթ:

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն Ազգային ժողովի շենքի դիմաց լռության ակցիա էին սկսել։ Նրանք փակել էին Դեմիրճյան փողոցը: Այս պահին ուսանողները և իրենց միացողները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ՝ կոչ անելով միանալ իրենց: Ուժայինները ներկայացված են ոստիկաններով, որոնց թիվն ևս ավելանում է և քաղացիական հագուստով եկածներով, որոնց ներկաները ճանաչում են նախորդ օրերից:

Ոստիկանները սպառնում են ուժ կիրառել՝ պատճառաբանելով, թե փողոց փակելը «անօրինական է»: Իրենց մոտեցած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքվածներին 5 րոպե ժամանակ տվեց «փողոցի երթևեկությունը վերականգնելու համար»: Օսիպյանի հայտնվելուն պես ամբոխից լսվեց․ Վայ՝ Օսիպյանը։ Ոնց էի կարոտել։ Հիմա որ գրկեմ, շատ ամոթ կլինի՞։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ մոտ 20 օրերի ընթացքում իրենց պահանջները չեն լսվել, հետևաբար իրենք լռության ակցիա են սկսում։

«Խավարասերների նիստից հետո այս պահին մենք լռության ակցիա ենք սկսում այստեղ։ Արդեն 10։06-ին քվեարկել են, օրենքն անցել է, և դեմ է արտահայտվել միան «Ելք» խմբակցությունը, ստացվում է, որ 20 օրից ավել մեզ չեն լսում, ուրեմն մենք այլևս չենք խոսում և լուռ կանգնում ենք այս դռների դիմաց», — հայտարարեց Կոստանյանը։

Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: