Home / Բանակ / Զիմբաբվեում ռազմական հեղաշրջում է

Զիմբաբվեում ռազմական հեղաշրջում է

Զիմբաբվեի զինված ուժերը չորեքշաբթի վաղ առավոտյան իրենց ձեռքն են վերցրել երկրի իշխանությունը՝ «թիրախավորելով նախագահ Ռոբերտ Մուգաբեին շրջապատող հանցագործներին»։ Զինվորականները, միևնույն ժամանակ, վստահեցրել են, որ 93-ամյա առաջնորդին ու նրա ընտանիքին, որոնք շուրք 12 ժամ գնտվում են ռազմական կալանքի տակ, «որևէ վտանգ չի սպառնում»։

Reuters գործակալության փոխանցմանբ, բազմաթիվ զինվորականներ և զրահամեքենաներ մայրաքաղաք Հարարեում արգելափակել էին դեպի գլխավոր կառավարական, խորհրդարանական շենքեր, ինչպես նաև դատարաններ տանող ճանապարհները։

«Մեր գործողություններն ուղղված են միայն [արդեն 37 տարի Զիմբաբվեն գլխավորող Մուգաբեի] շրջապատում գտնվող հանցագործներին, որոնց կատարած հանցագործությունները երկրում սոցիալական և տնտեսական տառապանքներ են առաջացնում․ [մեր նպատակն է] նրանց դրա համար պատասխանատվության ենթարկել», ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է գեներալ-մայոր Ս.Բ. Մոյոն՝ հավելելով, որ «իրավիճակը կվերադառնա իր բնականոն հունին, երբ մենք իրականացնենք մեր առաքելությունը»։

Բանակն այժմ վերահսկողության տակ է պահում պետական հեռուստատեսության շենքը, մի շարք կառավարական գրասենյակներ ու մայրաքաղաքի փողոցները․ ըստ զինվորականների տարածած հայտարարության, իրենց գործողությունները «մարտական հեղաշրջում չեն»։ Բանակի համոզմամբ՝ տեղի ունեցածը երկրում չարաշահումների ու անօրինականությունների «անարյուն շտկման» փորձ է։

Ընդդիմադիր «Դեմոկրատական փոփոխությունների շարժումը» կոչ է արել խաղաղ կերպով վերադառնալ սահմանադրական ժողովրդավարության՝ նշելով, որ հուսով է՝ ռազմական միջամտությունը կհանգեցնի «կայուն, ժողովրդավարական և առաջադեմ ազգային պետության ստեղծմանը»:

Զինվորականների միջամտությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մուգաբեն հեռացրել է փոխնախագահ, անվտանգության նախկին ղեկավար Էմերսոն Մնանգագվային, որը, ըստ կանխատեսումների, պետք է 93֊ամյա նախագահին փոխարիներ երկրի ղեկավարի պաշտոնում։ Մնանգագվայի հեռացումից հետո երկրի նախագահի աթոռին հավակնում է Մուգաբեի կինը՝ 52֊ամյա Գրեյս Մուգաբեն: