Home / Կանանց իրավունքներ / Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքում անակնկալ փոփոխություններ արեցին

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքում անակնկալ փոփոխություններ արեցին

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է մեծ աղմուկ բարձրացրած «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակը։ Այժմ օրինագիծը կոչվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»։

Կառավարության կայքում հրապարակված վերջնական նախագիծը բովանդակության առումով անակնկալ փոփոխություններ է պարունակում․ եթե e-draft.am իրավական ակտերի հրապարակման կայքում հանրային քննարկման դրված օրինագիծն ուղղված էր «ընտանեկան բռնության կանխարգելմանն ու ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը», ապա Կառավարության հրապարակած վերջնական տարբերակով այն նաև «ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին է։

Վերջնական օրինագծում ավելացվել է «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման» սկզբունքը։

Հիշեցնենք, որ երբ դեռ չփոփոխված օրինագիծը քննարկումների փուլում էր, նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր․ «Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն»։

Բացի ավելացումներից, օրինագծից բազմաթիվ հասկացություններ և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մեխանիզմներ հանվել են։
Նոր նախագծում նեղացվել է ընտանեկան բռնության սահմանումը․ այսուհետ նախկին ընտանիքի անդամների կամ ոչ համատեղ ապրող ընտանիքի անդամների կողմից կիրառված բռնությունը ընտանեկան բռնություն չի համարվում, հետևաբար նման բռնության զոհերը՝ այս օրենքից չեն կարող օգտվել։

Օրենքի պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունից զրկվում են նաև «ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկված անձինք», քանի որ այդ հասկացությունը վերացվել է նոր նախագծից։ Այժմ ընտանիքում բռնության կանխարգելման մասին այս օրենքը կիրառվում է միայն այն անձի հանդեպ, ում գործով պետությունը բռնության փաստը որևէ կերպ հաստատել է՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, նախազգուշացումով, անհետաձգելի միջամտությամբ։

Նշենք, որ ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող օրինագծի դեմ պայքարողները իրենց ֆինանսավորումը ստանում էին Ռուսաստանի Դաշնությունից։