Home / Կրթություն / Վանաձորում դասվարը աշակերտին բռնության է ենթարկել և ծաղրել

Վանաձորում դասվարը աշակերտին բռնության է ենթարկել և ծաղրել

Վանաձորի 22-րդ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտը դասվարի կողմից պարբերաբար ենթարկվել է բռնության։ Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին պատմել է երեխայի մայրը։

Ծնողն ասել է, որ 2017թ. փետրվարին ուսուցչուհի Ն. Անտոնյանը հանձնարարությունը ոչ բավարար կատարելու պատճառով հարվածել է երեխային։ Արդյունքում երեխայի ականջի վրա կապտուկներ են առաջացել, և երեխան վախից միզել է: Ծնողի փոխանցմամբ՝ դասվարը երեխային ամբողջ դասարանի առջև խայտառակել և այդ վիճակում է թողել մինչև դասերի ավարտը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և Վանաձորի թիվ 22 դպրոցի տնօրեն Դ. Մելքոնյանին: Նախարարությունից խոստացել են հետամուտ լինել դեպքին և վերականգնել երեխայի կրթության իրավունքը, իսկ դպրոցի տնօրենն էլ պնդել է, որ երեխայի մայրն իրականում իրադարձությունները ներկայացրել է չափազանցված։

Բացի դա, տնօրենը նշել է, որ երեխայի կապտուկները ոչ թե ուսուցչի գործողությունների, այլ համադասարանցիների հետ վեճի արդյունք են, որը դպրոցի փոխտնօրենի միջամտությամբ հարթվել է:

Դասվար Ն. Անտոնյանն էլ խոստովանել է, որ իրեն թույլ է տվել մանկավարժին ոչ վայել պահվածք, երեխային բարձր տոնով է նկատողություն արել և բարձրաձայնել, որ երեխայի վրայից տհաճ հոտ է գալիս: Նման պահվածքի համար դասվարը նկատողություն է ստացել տնօրինության կողմից:

Ինչ վերաբերում է նրան, որ դպրոցի տնօրինությունը մերժել է տրամադրել երեխայի փաստաթղթերը, որոնք հարկավոր են եղել նրան այլ դպրոց տեղափոխելու համար, Դ. Մելքոնյանը նշել է, քանի որ երեխայի մայրը գտնվում է Հանրապետությունից դուրս, իսկ երեխայի խնամքով զբաղվող մորաքույրն ու տատիկը նրա օրինական ներկայացուցիչները չեն, հետևաբար՝ անձնական գործը նրանց տրամադրել չեն կարող:

2017 թ. նոյեմբերի 2-ին հարցը քննարկվել է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում, ապա Կրթության, մշակույթի և uպորտի վարչությունում: Արդյունքում որոշվել է, որ երեխայի ծնողի բացակայության պայմաններում հիմք է ընդունելու վերջինիս էլեկտրոնային դիմումը և երեխայի կրթության իրավունքի իրացման նպատակով կազմակերպել նրա տեղափոխումն այլ դպրոց:

Երեխան արդեն հաճախում է Վանաձորի թիվ 1 դպրոց: