Գլխավոր / Բանակ / Միլիտարիզացիա և զինվորի կյանքի մոնետիզացիա․ քննարկում ազգ֊բանակի մասին

Միլիտարիզացիա և զինվորի կյանքի մոնետիզացիա․ քննարկում ազգ֊բանակի մասին

Ակադեմիական տարկետման վերացման նախագիծն «ազգ֊բանակ» հայեցակարգի դրսևորումն է․ դրա էությունն այն է, որ երկրում ամեն ինչ՝ գիտությունը, արդյունաբերությունը, կրթությունը պետք է ծառայի բանակին։ Այս մասին տարկետման վերացման և դրա դեմ ուսանողական շարժման վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

«Կարտոֆիլ պետք է ցանել, եթե բանակն այն պետք է գնի, եթե չի գնելու, պետք է կարտոֆիլ չցանել։ Արդյունաբերությունը պետք է հագուստ կարի բանակի համար, եթե չի կարող դա անել, ապա մի ուրիշ բան պետք է պատրաստի բանակի համար և այլն։ Ամեն ինչ գնում է դրան, կրթության ֆինանսավորումը կրճատվում է, գիտությանը կրճատվում է, ամեն ինչ պետք է արվի բանակին սպասարկելու համար։ Սա է մեր նախարարի ազգ֊բանակը», ֊ ասել է Խառատյանը:

«Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ևս քննադատել է պետության բոլոր գործառույթները բանակին ծառայեցնող «ազգ֊բանակ» կոնցեպտը։

«Ինչ֊որ առաջարկում են իշխանություները «միլիտարիզացիա» չի, այլ «մոնետիզացիա»։ Իրենք առաջարկում են՝ ով պատրաստ է ինքնազոհողության, մենք իրեն կվճարենք։ Գնացեք զոհվեք սահմանին՝ բարձր կվճարենք։ Դա է կոնցեպտի հիմքը։ Իրենց մոտ ամեն ինչ ֆինանսական հարթության մեջ է, այլ կերպ չեն պատկերացնում։ Նաև ասում են՝ 19 տարեկանը թող չգնա զոհվի սահմանին, թող գնա 30 տարեկանը։ Ինչ է նշանակում՝ 3 երեխա արդեն ունի, թող գնա զոհվի, մենք էդ երեխեքին կպահենք։ Դա մոնետիզացիայի տիպիկ օրինակ է»,֊ ասել է Խուրշուդյանը։

«Հանուն գիտության զարգացման» 2004թ-ի նախաձեռնության անդամ Միքայել Հովհաննիսյանը հավելել է, որ միլիտարիզացիան իրականացվում է պսևդոհայրենասիրության փաթեթավորմամբ, որպեսզի մարդիկ չառարկեն, չըմբոստանան․ չէ՞ որ հայրենասեր լինելու դեմ ոչ ոք չի կարող խոսել՝ դավաճան կամ դասալիք պիտակից վախենալով։

«Ամեն ինչ պետք է անել, որ «ազգ֊ բանակ» կոնցեպտը Հայաստանում չլինի։ Պետք է լինի Հայաստանը զարգացող, մարտունակ և այլն, բայց ազգ֊բանակ սարսափելի իրողությունը չպիտի լինի, քանի որ, բացի ամեն ինչից, դա երաշխավորում է ՀՀԿ իշխանության հարատևությունը», ֊ ասել է Հովհաննիսյանը։

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը իրականում չի բարձրացնելու բանակի սպայական կազմի որակը, քանի որ ծրագրից օգտվելու են միայն աղքատ մարդիկ՝ գումար ստանալու ակնկալիքով։

Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև ակադեմիական տարկետման վերացման դեմ ակցիաներից։ Ըստ նրա՝ գիտնականներին բանակից ազատելն էլիտարիզմ է․ «Դա էլիտարիզմի մի ուրիշ տեսակ։ Հիմա էլիտան էն ա, որ կարող է ազատվել բանակից՝ փողի շնորհիվ։ Տարկետման վերացման դեմ քննարկումը, անկեղծ լինենք, ընդհանրապես բանակ չգնալու քննարկում է։ Ինչ֊որ խավի ծառայությունից ազատելու, քանի որ իրենք ավելի կարևոր են, իրենք գիտնական են։ Դե, եկեք, ուսուցիչներին էլ ազատենք ծառայությունից։ Ո՞վ է որոշել՝ ով է ավելի կարևոր։ Ընդ որում՝ այստեղ խոսքը միայն ժամանակի արժեքի մասին չի, այլ կյանքի։ Մենք գիտենք, որ այսօրվա ծառայությունում զոհվելու վտանգ կա»,֊ ասել է Խուրշուդյանը։