Գլխավոր / Բնապահպանություն / Լոռիում հանքարդյունաբերողն ուզում է շահագործել հանքը՝ գյուղի բնակիչների կամքին հակառակ

Լոռիում հանքարդյունաբերողն ուզում է շահագործել հանքը՝ գյուղի բնակիչների կամքին հակառակ

«ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ն Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու նպատակով դիմել է խորամանկության՝ վտանգելով Լոռու մարզի Արդվի գյուղի բնակչության առողջությունը։ Այս մասին ասված է խնդրով զբաղվող «Արդվի-Լոռի» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։

Արդվիի վարչական տարածքում գտնվող 146 հեկտարն ընկերությունը նախագծից դուրս է բերել՝ փոխարենը թողնելով Մղարթ համայնքի 54 հա տարածքը: Այդ հողերը Մղարթի բնակելի տներից գտնվում են 3.4 կմ հեռավորության վրա, իսկ Արդվիի բնակելի տներից` 2.2 կմ: Սա նշանակում է, որ Արդվիի բնակիչների առողջության համար հանքի շահագործումն ավելի քան վտանգավոր է։

Լուսանկարը՝ բնապահպան Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս հարցը բարձրաձայնելու նպատակով «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբն այսօր Արդվի գյուղի անունից բաց նամակ-դիմում է ուղղել Լոռու մարզից ընտրված և լոռեցի ՀՀ ԱԺ պատգամավորներին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում։

Նախաձեռնող խմբի նամակում նշվում է, որ «ՄԻՌԱՄ» ընկերությունն առանց Արդվի գյուղին տեղեկացնելու հոկտեմբերի 4-ին հանրային քննարկում է անցկացրել Մղարթ գյուղում և, ստանալով Մղարթի նախնական համաձայնությունը, Շեկաղբյուրի ծրագրի փաստաթղթերն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարություն բնապահպանական փորձաքննության: Բնապահպանության նախարարությունն ընդունել է «ՄԻՌԱՄ»-ի հայտը փորձաքննության` ճանաչելով նաև Արդվի գյուղը` որպես Շեկաղբյուրի ծրագրի ազդակիր բնակավայր։

Նախաձեռնող խմբի պնդմամբ՝ Արդվի գյուղի բնակիչների հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու մասին բացասական կարծիքը, որը նաև հաստատված է փաստաթղթերով, անտեսվել է:

Ի դեպ, Շեկաղբյուրի ծրագրի հանրային 2-րդ լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղարթում:

Արդվիի բնակիչները նշում են, որ համայնքների խոշորացման արդյունքում իրենց գյուղը կորցրել է իր ինքնուրույնությունը։ Այժմ նաև անորոշ է, թե այս հարցում ինչ որոշում է կայացնելու խոշորացած Օձունը, որի կազմում է գտնվում Արդվին։