Home / Ազգային ժողով / «Համերաշխությունը» հնարք է՝ տապալելու համար ընտանեկան բռնության զոհերի իրավական պաշտպանության հնարավորությունը

«Համերաշխությունը» հնարք է՝ տապալելու համար ընտանեկան բռնության զոհերի իրավական պաշտպանության հնարավորությունը

Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում Կառավարության անակնկալ փոփոխությունները խեղաթյուրում են նախագծի բուն իմաստը։ Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն ու անհատները նոեյմբերի 23-ին Կառավարության դիմաց պահանջել են վերականգնել Նախածգի նախկին անվանումը և որոշ այլ բովանդակային փոփոխություններ անել, որպեսզի օրենքը արդյունավետության տարր ունենա ընտանեկան բռնության զոհերին պաշտպանելու գործում։

Հիշեցնենք, որ հանրային քննարկման դրված օրինագիծն ուղղված էր «ընտանեկան բռնության կանխարգելմանն ու ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը», սակայն Կառավարության հրապարակած վերջնական նախագծի վերնագրում տեղ է գտել «ընտանիքում համերաշխության վերականգնման» հատվածը։

«Համերաշխությունը» սուբյեկտիվ ընկալման տեղիք տվող տերմին է. այն կարող է դրսևորվել նաև կնոջ՝ ամուսնու կողմից կիրառվող բռնությունների հետ հաշտվելով: Գտնում ենք, որ այս սկզբունքի ներառումը հակասում է օրենքի իրավական որոշակիության սկզբունքին և մարդու, որպես բարձրագույն արժեքի, իրավունքները ստորադասվում են հասարակության այլ անդամների կողմից սուբյեկտիվ կերպով գնահատվող «ընտանիքի համերաշխությանը», – Կառավարությանն ուղղաված նամակում գրում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամները։

Նրանք նաև չեն ընդունում միջազգային հանրային իրավունքում իր ուրույն նշանակությունը ունեցող «ընտանեկան բռնություն» տերմինը «ընտանիքում բռնություն» արտահայտությամբ փոխարինելը։ Խնդրահարույց է նաև Արդարադատության նախարարության կողմից «հաշտեցում» տերմինը ավելացնելը, մինչ չկան և անհայտ են հաշտեցման կանոնները, ընթացակարգերը և «հաշտեցնողների» նկատմամբ ներկայացվող պահանջները։ Անորոշ է նաև «Ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը» սկզբունքը․ «ավանդական արժեքների» սահմանումը ՀՀ իրավական որևէ փաստաթղթում չկա:

Օրենքի փոփոխությունները նաև սահմանափակում են դրանով պաշտպանողներին, օրինակ , համատեղ չբնակվող ամուսինների նկատմամբ օրենքի պաշտպանական մեխանիզմները չեն կարող կիրառվել: «Նախկին նախագծի սահմանումն ավելի լայն էր և թույլ էր տալիս ներառել ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ միասին բնակվելու հանգամանքից, ինչն հնարավորություն էր տալիս առավել պաշտպանել ընտանեկան բռնության զոհերին», – նշվում է իրավապաշտպանների դիտողություններում։