Գլխավոր / Բանտ / Հոդված բանտից․ Ռուսական տիրապետությունը բթացնում է ինքնապահպանական բնազդը

Հոդված բանտից․ Ռուսական տիրապետությունը բթացնում է ինքնապահպանական բնազդը

ՊՊԾ գնդի գրավման գործով անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանը լրատվամիջոցներին է ուղարկել «Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ» վերնագրով հոդվածը։

Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ
Մաս 1-ին

Ազգի գոյությունը կյանք է դառնում, եթե ուղեկցվում է ազատությամբ և արժանապատվությամբ:

Ազատ և արժանապատիվ կյանքի ապահովման հիմնական պայմանը և միջոցը ազգային պետությունն է:

Օտար պետության ենթակա, այսինքն՝ գաղութացված, ազգերը հարատև ցեղասպանության ընթացքի մեջ են: Ցեղասպանության ձևերը, մեթոդները, ծավալն ու տեմպերը տարբեր են լինում, սակայն հետևանքը նույնն է:

Ազգային պետությունը՝ որպես որակ, ունի երկու հիմնական հատկանիշ՝ ազգային առաքելություն և իրավասուբյեկտություն:

Ազգային առաքելությունն առկա է, եթե պետությունը՝ որպես համակարգ, գործիք է դրա իրականացման համար:

Իրավասուբյեկտությունն առկա է, եթե պետությունն ունի տարածք, կայուն բնակչություն, արտաքին հարաբերությունների մեջ մտնելու կարողություն և յուրային (ոչ օտար) կառավարություն (պետական կառավարման համակարգ):

Ընդ որում, այս երկու հատկանիշները պետք է միասին առկա լինեն:

Իրավասուբյեկտությունը, մասնավորապես, ազգային պետության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

Հարկ է նկատի ունենալ, որ իրավասուբյեկտությունն ընդհանուր առմամբ տեսանելի է, իսկ առաքելությունը կարելի է միայն ըմբռնել:

Համամարդկային չափման մեջ հայության, կամ՝ Կոստան Զարյանի ոսկե բառերով ասած՝ հովիվների ազգի, արարատյան մարդկանց, առաքելությունը Կենաց իմաստության տարածումն է, իսկ քաղաքական համատեքստում՝ քաղաքակրթությունների ու տարածաշրջանների միջև կամուրջ-միջնորդ լինելը։

Իրավասուբյեկտությունը կորցնելուց հետո պետությունը զուգահեռաբար կորցնում է նաև առաքելությունը: Մինչդեռ առաքելությունը կորցնելուց հետո իրավասուբյեկտությունը կարող է երկար ժամանակ մնալ: Ճիշտ է, այն ի վերջո նույնպես կկորսվի, սակայն այդ գործընթացը կարող է անգամ դարեր տևել, ինչպես եղել է Հայաստանի պարագայում:

Շուրջ 200 տարի առաջ հայության երևելի դասը մեր քաղաքական ապագան կապեց Ռուսաստանի հետ:

Անկախ այդ ժամանակվա շարժառիթներից, կարող ենք փաստել, որ այդ ընտրությունը եղել է «չարյաց փոքրագույն»-ի ընտրություն՝ ակնկալիք ունենալով խուսափել թյուրքական տիրապետությանը բնորոշ ոտնձգություններից, որոնք չեն եղել ռուսական տիրապետության պարագայում:

Այսինքն՝ եղել է ընտրություն հօգուտ առավել մեղմ ձևերով ու մեթոդներով և ավելի նվազ ծավալով ու տեմպերով իրականացվող ցեղասպանության: Սակայն այս միայն թվացյալ ու արտաքուստ էր։ Ռուսական կայսրությունը բազմիցս և մինչ օրս Կովկասյան թաթարների ձեռքով է իրականացնում ցեղասպանության կարմիր տարբերակը։ Այսինքն՝ վիճակն ըստ էության չի փոխվել։ Ապացուցելու կարիք չկա, որ մենք դեռևս չունենք ազգային պետություն, չունենք ազատ ու արժանապատիվ կյանք, այլ միայն գոյատևում ենք՝ հետզհետե կուլ գնալով տարբեր ձևերով, մեթոդներով, ծավալով և տեմպերով ընթացող ցեղասպանությանը: Արդարացի լինելու համար նաև արձանագրենք, որ ընթացքում եղել են նաև մասնակի վերելքի ու բարգավաճման ժամանակահատվածներ, սակայն դրանք չեն փոխել այդ ընթացքը, այլ միայն ռեսուրս, լիցք և խթան են դարձել հավանական կյանքի համար:

Առաջ անցնելով նաև կարող ենք առնվազն հիմնավոր կասկածի տակ առնել այդպիսի մոտեցումը, քանի որ, ինչպես ցույց է տալիս 200-ամյա ռուսական գաղութատիրությունը և հայության ու Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականությունը, թյուրքական կոշտ ու արյունոտ տիրապետությունը ծնում է ինքնապահպանության մղում և դիմադրություն, մինչդեռ «քրիստոնեական եղբայրության» տակ քողարկված և «չարյաց փոքրագույն»-ի տրամաբանությամբ արդարացվող ռուսական տիրապետությունը բթացնում է ինքնապահպանական բնազդը՝ և դիմադրություն ծնելու փոխարեն հաճախ վերածվում է թմրեցման միջոցով արյունաքամության: Ավելին՝ ռուսական տիրապետության տակ հայտնված հայության մի զգալի մասն իր այդ արյունատվությունը հաճախ դրսևորել է կամավորությամբ, երբեմն՝ նույնիսկ պաթոսով: Այս երևույթին նպաստել է նաև ռուսական կայսերապետությանը բնորոշ մշակութային ձուլման քաղաքականությունը, որն առանձին քննության կարիք ունի:

Արևելյան Հայաստանի մեծ մասը Ռուսաստանին անցնելուց հետո «չարյաց փոքրագույն»-ի ընկալումը հիմնականում զատվեց հայ-պարսկական հարաբերությունների բաղադրիչից և դարձավ ավելի պարզ ու միանշանակ՝ կայանալով ու կայունանալով ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձևաչափում:

Ռուս-թուրքական երկընտրանքը հայության և Հայաստանի համար ռազմավարական (ծայրահեղ դրսևորումների ժամանակ՝ գոյութենական) մարտահրավերներ առաջացնող արտաքին հարաբերությունների ձևաչափ է, որը պայմանավորված է թուրքական լծից ազատվելու համար ազգային պետություն ստեղծելու փոխարեն ավելի մեղմ ռուսական լծի ընտրությամբ: Այն հայության զգալիորեն լայն շրջանակներում ստեղծել է ռուսական գաղութատիրությունը և մեր շահերի հաշվին կատարվող ռուս-թուրքական գործարքները որպես ճակատագիր ընդունող մտածելակերպ և վարքագիծ, ինչը հայկական կողմին զրկում է ազգային պետություն ստեղծելու, դրանով իսկ՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու և իր առաքելությունն իրականացնելու հնարավորությունից, իսկ ռուսական և թուրքական կողմերին էապես օժանդակում է իրենց շահերն ապահովելու հայության ու Հայաստանի հաշվին, ընդ որում՝ հայկական գործոնի կայացումը բացառող՝ իրենց համար առավել բարենպաստ տարածաշրջանային ճարտարապետություն ձևավորելու տարբերակով:

Ռուս-թուրքական երկընտրանքի ձևաչափից դուրս գալու և ազգային պետություն ստեղծելու հնարավորություն առաջացավ Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծմամբ: Սակայն Մեծ Եղեռնի, անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի և այլ օբյեկտիվ պատճառներով հայության և նրա մանուկ Հանրապետության ուժը չբավարարեց ռուս-թուրքական ագրեսիային դիմակայելու համար: Ռուս-թուրքական դաշինքը զավթեց ու մասնատեց երկուսուկես տարի գոյատևած պետությունը՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով հայության ու Հայաստանի հաշվին ձևավորելով հայկական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետություն՝ դրա համար երաշխիք դարձնելով նաև Արցախի և Նախիջևանի օտարումը Հայաստանից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունից զրկելով և որպես վարչատարածքային միավոր Ռուսաստանին հանձնելով:

Որպես այս ամենի հետևանք, մենք կրկին վերադարձանք ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձևաչափի մեջ: Հայաստանը հայտնվեց մի գաղութային համակարգի մեջ, որի հենքը ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան ռուսահպատակ վարչակազմը:

Վերջին անգամ ռուս-թուրքական երկընտրանքը հաղթահարելու և նշված գաղութային համակարգից ազատագրվելու (Armexit) ու ազգային պետություն կառուցելու հնարավորություն առաջացավ 1988 թ.-ին սկսված Արցախյան ազատագրական պայքարի ու 1991 թ. դեկտեմբերի 11-ին ԽՍՀՄ լուծարման շնորհիվ:

Արցախի տարածքի մի զգալի մասի ազատագրմամբ մասամբ խախտվեց ռուս-թուրքական դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, այսինքն՝ մեզ տիրապետող գաղութային համակարգի հենքը՝ ստեղծելով նաև հաջողությունը զարգացնելով Նախիջևանը հայկական վերահսկողության տակ առնելու և Կուր-Արաքսյան բնական միջակայքում ռուսական գաղութատիրությունից զերծ հայկական ազգային պետություն կառուցելու, որով՝ ռուս-թուրքական երկընտրանքը հաղթահարելու և մեր ազգային առաքելությունը վերաստանձնելու ու Հայրենիքին վերատիրանալու գործընթացի մեկնարկի, ազատ ու արժանապատիվ կյանքի հնարավորություններ:

Սակայն, լուծարվելիս, որպես ԽՍՀՄ 70 տարի գոյատևած ռուսական կայսրությունը գործարկեց վերարտադրության մեխանիզմներ, ինչը կարճ ժամանակ անց վերածվեց կայսրությունը մի նոր ԽՍՀՄ-ի տարբերակով վերակենդանացնելու և այդ նպատակով նախկին ԽՍՀՄ հանրապետությունները վերագաղութացնելու ծրագրի:

Հայաստանի և հայության պարագայում մեր ազգային դիմադրողականությունը հաղթահարելու համար վերակենդանանալու ծրագիր ունեցող ռուսական կայսրությունը, որպես կատարածու ունենալով Հայաստանում կառավարման ղեկին գտնվող և քաղաքական դասի մեծամասությունը կազմող գործակալական (քաղաքական և ուղիղ առումներով) վերնախավին՝ պահպանեց Հայաստանը կառավարող գաղութային համակարգը և դրա միջոցով.

Արցախի ազատագրման պայքարը շեղեց նախապես հռչակված միավորման ուղուց և նրա անկախացման ու Հայաստանից տարանջատման միջոցով հարցական դարձրեց տարածաշրջանային ճարտարապետությունը փոխելու, դրանով իսկ՝ գաղութային համակարգի հենքը խարխլելու և գործոն դառնալու Հայաստանի հնարավորությունը, ինչպես նաև նախադրյալներ ստեղծեց Արցախն իր ձեռքն առնելու և որպես մանրադրամ Այսրկովկասին վերատիրանալու նպատակով օգտագործելու համար,

Հայաստանին մտցրեց Ռուսաստանի առանցքի շուրջն ստեղծվող վերպետական ու դաշինքային ձևաչափերի (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) մեջ՝ էապես սահմանափակելով Հայաստանի միջազգային ու տարածաշրջանային ինտեգրման և գործընկերային ներուժի զարգացման հնարավորությունները՝ նրան փաստացի դարձնելով Ռուսաստանի կցորդ-պետություն,

ձևավորեց Ռուսաստանից Հայաստանի կախյալությունն ապահովող երկկողմ միջազգային պայմանագրաիրավական համակարգ,

Հայաստանի անվտանգային-պաշտպանական և տնտեսական ոլորտների, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և պետական կառավարման համակարգի նկատմամբ հաստատեց փաստացի ռազմավարական կառավարում,

1988-94 թթ. և հետագա ժամանակահատվածում չեզոքացրեց ազգային պետության կերտման ներուժ ունեցող քաղաքական, հասարակական և ռազմական գործիչներին,

ավարտին հասցրեց ռուսահպատակ, ստրկամիտ, նյութապաշտ, կամազուրկ, մտքով գաճաճ հայաստանյան (Արցախը ներառյալ) քաղաքական-կառավարչական դասի և նրա կորիզը կազմող գաղութային վարչակազմի ձևավորումը,

գործուն աջակցությամբ որպես հանցավոր համագործակցություն կազմակերպված գաղութային վարչակազմին օգնեց.

ա) ամբողջությամբ զավթելու պետությունը և այն վերածելու ռուսական գաղութատիրությունը ու նրան ծառայող այդ վարչակազմի վերարտադրությունն ապահովող գործիքի,

բ) ստեղծելու իր Հայրենիքից հայության զանգվածային արտագաղթ պարտադրող իրավիճակ,

գ) ստեղծելու բնակչության քանակի համեմատությամբ անհամաչափ ոստիկանական-ենիչերիական ուժ և այն անպատիժ կերպով կիրառելու երաշխիքներ:

Այս և այլ գործողությունների շնորհիվ Ռուսաստանը կարողանում է նաև պահպանել գաղութային համակարգի լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը և ապահովել հայության պետականազրկման, ցեղասպանության ու վերջնական հայրենազրկման գործիք գաղութային վարչակազմի վերարտադրությունը:

Դիտարկվող գործողությունների հետևանքով առաջացած համակարգային ճգնաժամը էապես թուլացնում է ազգային դիմադրողականությունը և պայմաններ ու նախադրյալներ ստեղծում Հայաստանի վերջնական աբխազացման ու կլանման համար: Եթե դա տեղի ունենա, մենք կզրկվենք ազգային պետություն ստեղծելու, մեր Հայրենիքին վերատիրանալու և մեր առաքելությունն իրականացնելու, այդու՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու հեռանկարից և ոտք կդնենք վերջնական ուծացմամբ որպես ինքնություն վերանալու անդառնալի ճանապարհի վրա:

Վերացողի գոյավիճակից դուրս գալու և ազատ ու արժանապատիվ ազգային կարգավիճակ ձեռք բերելու համար հարկավոր է առաջին հերթին ապագաղութացվել՝ ազատագրվել ռուս-թուրքական երկընտրանքի վրա հիմնված ռուսական գաղութատիրությունից՝ քանդելով գաղութային համակարգը և կտրելով այն պորտալարը, որի միջոցով Ռուսաստանը կառավարում է Հայաստանին:

Մաս երկրորդ

Ապագաղութացում-Armexit-ի գործընթացն սկսելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել հայկական սուբյեկտային գործոն, ինչը հնարավոր է, եթե հեռացվի գաղութային վարչակազմը և նրա փոխարեն ստեղծվի ազգային կառավարություն (պետական կառավարման ազգային համակարգ):

Մեր պարագայում գաղութային վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ժողովրդային ընդվզման միջոցով, իսկ ազգային կառավարություն կարող է ձևավորվել «Ժողովրդի վստահության կառավարություն – Անցումային պետական կառավարման համակարգ – Նոր Սահմանադրության համապատասխան կազմավորված պետական կառավարման համակարգ» փուլային կերպափոխումների ճանապարհով:

Ազգային կառավարությունն արդեն պետք է կազմակերպի տարածաշրջանային ճարտարապետության վերանայումն ու գաղութային համակարգի լծակի չեզոքացումը, ինչի համար առնվազն անհրաժեշտ է.

Հրաժարվել հայկական պետականությունը որպես ռուս-թուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Խորհրդային Հայաստանի ժառանգորդ համարելու, ինչպես նաև իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատելու հանցավոր ու կործանարար մոտեցումներից, որդեգրել 1-ին Հանրապետության ժառանգորդության, Հայրենիքի ու հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման ռազմավարություն, համայն հայության կամքն արտահայտելու հնարավորություն ունեցող ՀՀ-աբնակ և Արցախաբնակ հայության, ինչպես նաև ՀՀ ոչ հայ քաղաքացիների՝ որպես ամբողջական ու միասնական կոլեկտիվ սուբյեկտի, կամաարտահայտությամբ (հանրաքվեի միջոցով) հիմնադրել Նոր Հանրապետություն ներկայիս ՀՀ պաշտոնական տարածքի և Արցախի սահմանադրական տարածքի վրա՝ «Հայաստանի Հանրապետություն» անվանմամբ:

Մեկնարկել միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա Հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման իրավաքաղաքական գործընթաց և, առաջնահերթորեն՝

ա) հայությանը և Հայաստանին վերաբերող մասով անվավեր ճանաչել այդ իրավունքները մերժող և/կամ սահմանափակող բոլոր միջազգային պայմանագրերն ու պայմանավորվածությունները, ինչպես նաև այլ իրավական ակտերն ու գործողությունները, այդ թվում՝ միջազգային իրավունքին հակասող՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, ինչպես նաև 1922 թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը,

բ) առաջադրել Նոր Հանրապետության իրավազորության հաստատումը Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքներում՝ որպես այս գործընթացի հերթական քայլ:

Միայն այսպիսի արմատական, մեր նկատմամբ 100 տարի առաջ ռուս-թուրքական դավադիր գաղութարար դաշինքի ձեռքով իրականացվածին համարժեք քայլերով է հնարավոր իրավիճակ և տարածաշրջանային ճարտարապետություն փոխելու սկիզբ դնել և մեկնարկել գաղութային համակարգի հենքի խարխլման և Հայաստանը կառավարող գաղութային լծակի չեզոքացման դրանով իսկ՝ ապագաղութացված ինքնուրույն հայկական գործոնի ձևավորման գործընթաց:

Եթե չունենանք անհրաժեշտ կամք ու վճռականություն, ապա դատապարտված ենք ռուսական գաղութատիրության սարդոստայնում մնալու և արյունաքամ լինելով վերանալու: Իսկ եթե գիտակցենք տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների շնորհիվ առաջացող հնարավորությունները, սահմանների վերաձևման անխուսափելիությունը և թամբենք այս փոփոխությունների ալիքը, ապա սկիզբ կդնենք Հայրենիքի վերատիրացման և ազգային առաքելության վերաստանձնման։

Միևնույն ժամանակ՝ այս քայլերը բավարար չեն ապագաղութացման համար: Դրանք անհրաժեշտ են որպես ապագաղութացման պայմաններ և նախադրյալներ և միայն ասպարեզ ու հնարավորություն են բացում դրա համար:

Ուստի, բացի դրանցից, Ռուսաստանից ապագաղութացումը ենթադրում է նաև գործողությունների համալիր ծրագիր: Այդ ծրագրի առաջնահերթ գործողությունները պետք է լինեն (հերթականությունը կարևոր է, զուգադրումը՝ հնարավոր).

դուրս բերել ՌԴ սահմանապահ զորքերը և ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածները հանձնել ՀՀ Սահմանապահ զորքերին,

չեղյալ հայտարարել ՌԴ հետ ՀՕՊ միասնական համակարգի և զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման վերաբերյալ պայմանագրերը,

դուրս գալ ՌԴ առանցքի շուրջ ստեղծված վերպետական ու դաշինքային բազմակողմ ձևաչափերից (ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ),

իրագործել ապակոմունիզացման և ապախորհրդայնացման (անհրաժեշտ մասով՝ ապառուսականացման) ծրագիր,

իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում) և ապահովել պետությունը զավթած հանցավոր համագործակցության (գաղութային վարչակազմի և հանցակիցների) դատաիրավական պատասխանատվություն, ինչպես նաև պետության ու քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական, տնտեսական ու սոցիալական խախտված իրավունքների վերականգնում,

դուրս բերել ՌԴ ռազմակայանը ՀՀ տարածքից,

ազգայնացման կամ այլ եղանակով ազգային վերահսկողություն հաստատել ռուսական կողմի սեփականությանը կամ կառավարմանը հանձնված ռազմավարական ենթակառույցների ու օբյեկտների նկատմամբ:

Որպես ամփոփում

Մեր ազգային մարմնի և պետականության շարունակական քայքայման հիմնական պատճառը հայության քաղաքական գիտակցության գաղութացումն է ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի համատեքստում: Այն հանգեցնում է «չարյաց փոքրագույն»-ի մտածելակերպի արմատավորման և դրա ազդեցությամբ՝ թուրքական յաթաղանից ռուսական սվինի հետևում պատսպարվելու ընտրության, ինչն էլ իր հերթին հանդուրժելի և ընդունելի, հետագայում նաև՝ նույնիսկ հարազատ է դարձնում ռուսական սապոգը: Նման ընտրություն կատարում է այն ազգը, որի քաղաքական գիտակցությունը և վերնախավը արդեն որոշակի չափով կորցրել են ազգի քաղաքական ինքնության պահպանման համար անհրաժեշտ որակները (արժանապատվություն, ազատատենչություն, մտքի և կամքի ռազմավարական տրամաչափ, ինքնուրույնության ձգտում և այլն): Որպես արդյունք՝ այդպիսի ընտրություն կատարած ազգի աղետալի ընթացքը կանգ չի առնում, նա կորցնում է մտքի, կամքի և ուժի իր առանցքը, որպես համակարգ կորցնում է իր գործառույթը, քայքայվում և հայտնվում է գաղութարարի ուղեծրում, դառնում նրա առանցքի շուրջը պտտվող արբանյակ, իսկ իր համակարգի տարանջատված բաղադրիչները մաս են կազմում գաղութարարի համակարգին և ծառայում նրա գործառույթին: Նման ազգը վերածվում է շագրենի կաշվի պես նվազող էթնոկրոնական համայնքի, իսկ նրա վերնախավը՝ գաղութարարին իր ազգային շահի հաշվին սպասարկող ռեսուրսի: Ընդ որում՝ վերնախավը կիսվում է. երևելի անհատների մեծ մասն ամբողջությամբ զատվում է նրանից և մաս կազմում գաղութարարի վերնախավին, իսկ արդեն ռազմավարական տրամաչափ չունեցող «ազգային» վերնախավը դառնում է օտար տիրոջ գավառական հաճկատար։

Այսպիսի ընտրությունը սպիտակ ցեղասպանության միջոցով կամովին ոչնչացման ճանապարհ է: Միայն այն հանգամանքը, որ տվյալ ազգի ինքնությունը բնութագրող և պահպանող բաղադրիչները (առաքելություն, մշակույթ, պետական կառավարման համակարգ, վերնախավ, պաշտպանական կարողություն և այլն) ստորադասվում և/կամ նույնացվում են գաղութարարի ինքնության համապատասխան բաղադրիչներին, իսկ նրա երևելի անհատները դառնում են գաղութարարի մոտ հոգևոր-քաղաքական գերությունն ապահովող պաշտամունքային «պանթեոնի» կուռքեր (մադաթովներ, լորիս մելիքովներ, իսակովներ, բաղրամյաններ և այլն՝ միայն Ռուսաստանին՝ 40 հազար երևելի անհատ, մինչդեռ այդ ներուժով կարելի էր մի քանի անգամ ազգային պետություն կառուցել), կատալիզատորի նման հեշտացնում և արագացնում է ազգային ռեսուրսի մարսումն ու յուրացումը գաղութարարի համակարգում: Այս երևույթին էապես նպաստում է նաև այն հանգամանքը, որ նման վիճակում հայտնված ազգի աշխարհը կորցնում է մոլորակային մասշտաբը և սահմանափակվում իրեն կլանող գաղութարարի տիրապետության տակ գտնվող տարածքում:

Ռուս-թուրքական երկընտրանքի, ռուսական գաղութատիրության արյունաքամող ցեղասպան սարդոստայնից դուրս պրծնելու և ազատ ու արժանապատիվ կյանքի ճանապարհով գնալու ուղին ազգային և անձնային մակարդակներում հոգևոր, մտավոր, քաղաքական ու տնտեսական ապագաղութացումն է, մոլորության ու գերության այդ «քառսուն գազ հորից» մեր Հայկական ելք-Armexit-ը, ինչից հետո միայն աշխարհի և մարդկության լիարժեք մաս ու լիիրավ անդամ դառնալու լույսը և ասպարեզը կբացվեն մեզ համար:

Ապագաղութացման, ազատ ու արժանապատիվ կյանքի ճանապարհը բռնելու առաջամարտիկը ապագայի տեր երիտասարդությունն է՝ մեր առաջադեմ, լուսավոր ու կենսունակ ուժը:

Ուստի այս հոդվածը ևս և մեր խոսքն ու սպասումն առհասարակ՝ առավելապես ուղղված է քեզ՝ հայ երիտասարդություն՝ մեր շղթաները փշրողին ու վաղվա օրը կերտողին:

Մի՛ մնա ստրկություն տեսած ավագ սերնդի հույսին, այլ ստանձնի՛ր գալիքի պատասխանատվությունը և տա՛ր մեզ կյանքի ճանապարհով դեպի Արարատյան առաքելություն: