Home / Մշակույթ / Ռուսական քարոզչական ալիքը գայթակղում է հայալեզու օգտատերերին

Ռուսական քարոզչական ալիքը գայթակղում է հայալեզու օգտատերերին

Այս օրերին ռուսական Russia Today հեռուստաընկերությունը Ֆեյսբուքի հայկական սեգմենտում տարածում է իր էջի գովազդն՝ օգտագործելով 1976թ. Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորներին փրկած Շավարշ Կարապետյանի լուսանկարը։ Կարապետյանի և լճում հայտնված տրոլեյբուսի ֆոտոները մակագրված են․ «Հավանի՛ր, եթե հպարտանում ես նրանով»։ Նման կերպ, սական, օգտատերը հավանում է ոչ թե տեղադրված լուսանկարները, այլ բաժանորդագրվում է RT-ի նորություններին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության Sut.am կայքը համառոտ պատմում է, թե ինչ է Russia Today-ը, ինչ նպատակ է հետապնդում և թե էլ ինչ եղանակներ է օգտագործում լսարանին ապակողմնորոշելու համար։ RT-ն հայտնի է որպես Ռուսաստանի պետական պրոպագանդայի գործիք։ Դրա լսարանը հիմնականում արտասահմանյան է։ Այն նախատեսված է նաև Ռուսաստանից դուրս բնակվող ռուսների և ռուսախոս մարդկանց համար։ Հեռուստաընկերության նպատակն է այդ լսարանին հասցնել համաշխարհային հետաքրքրություն առաջացնող, ինչպես նաև տեղական նշանակության իրադարձությունների վերաբերյալ «տեսակետ Ռուսաստանից»։ Այս մասին դեռևս 2005թ., երբ նոր էր գործարկվում հեռուստաընկերությունը, անկաշկանդ ասել էր լրատվամիջոցի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը։ 4 տարի անց՝ 2009-ից սկսած, Russia Today-ն իրեն սկսեց անվանել RT` նվազեցնելու հեռուստաընկերության ռուսական ազդեցության ակնհայտությունը։

Հեռուստաընկերության պահպանման համար Ռուսաստանը տարեկան հատկացնում է 300 միլիոն ամերիկյան դոլար։ RT-ն երբեք քննադատորեն չի լուսաբանում ՌԴ իշխանություններին, նախագահ Պուտինին։ Ընդհակառակը, ամեն կերպ «սևացնում» է արևմտյան քաղաքական գործիչներին, նրանց գործունեությունը։ Արևմտյան առաջնորդների բացասական կերպարի ստեղծմանը զուգահեռ, հեռուստաընկերությունը Վլադիմիր Պուտինին ամեն կերպ ներկայացնում է որպես համաշխարհային համբավ և հարգանք վայելող պետական գործիչ։

Մեկ այլ խնդիրն էլ այն է, որ RT-ն այդ շահեկան տեսակետը տեղ հասցնելու համար շատ հաճախ դիմում է տարատեսակ մանիպուլյացիաների, ապատեղեկատվությունների և կեղծ նորությունների տարածմանը։

Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում լսարանին

Russia Today-ում մարտից գործարկվել է այլ լրատվամիջոցների հրապարակած փաստերի ստուգման կայք, որը մոտ 9 ամսվա ընթացքում 18 հրապարակում է թողարկել։ Սակայն, ուշագրավ է հանգամանքը, որ հեռուստաընկերությունն ամենից հաճախ կեղծ լրատվություն տարածող լրատվամիջոցների շարքում է։Վլադիմիր Պուտինի ծննդյան նախօրեին հրապարակված ռեպորտաժն էր։ Տեսանյութում RT-ն պատմում էր Պուտինի ծննդյան կապակցությամբ Նյու Յորքի ռեստորաններից մեկում ՌԴ նախագահի պատվին մատուցվող տոնական բուրգերի մասին։ Հրապարակումից հետո հայտնի դարձավ, սակայն, որ նշված ռեստորանում նման բուրգեր չի մատուցվել, և հեռուստաընկերությունը բեմադրել է ռեպորտաժը ռեստորանի երկու աշխատակիցների մասնակցությամբ։ Ժամեր անց RT-ն իր Յութուբի ալիքից հեռացրեց ռեպորտաժը «խմբագրական չափանիշներին անհամապատասխանության» պատճառով։ «Պուտինբուրգերի» մասին պատմող տեսանյութի հատվածները, սակայն, արդեն հեռարձակվել էին և շարունակեցին հեռարձակվել «Ռոսսիա 24»-ով և ռուսական այլ հեռուստաընկերություններով։ Ռեպորտաժները պատմում էին Պուտինի «բացառիկ քաղաքական գործիչ» լինելու մասին։