Home / Բնապահպանություն / Ախթալայի հանքը կրկին փլուզվել է, կա տուժած

Ախթալայի հանքը կրկին փլուզվել է, կա տուժած

Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի ստորգետնյա հանքախորշում քարաթափում է եղել, ինչի հետևանքով ոտքի կոտրվածք է ստացել հորատող բանվոր՝ 49-ամյա Գ. Վ.-ն: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Բանվորին խորշից դուրս են բերել լեռնափրկարարները, շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կոմբինատում անցյալ ամիս ևս փլուզում էր, ինչի հետևանքով մահացել էր հանքում աշխատող հանքափոր 38-ամյա Վրեժ Սահակյանը:

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ից հրաժարվեցին հերթական դեպքի մասին մանրամասներ հայտնել: Epress.am-ի զանգին ի պատասխան ասացին, որ դժբախտ դեպքերի մասին իրավասու է խոսել միայն տնօրենը՝ Լյովա Վարդանյանը, որն էլ այսօր տեղում չէ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Epress.am-ին ասել են, որ արտադրական վտանգավոր օբյեկտներում   պատահարներից հետո Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում անկացվում է  հետազոտություն՝ պարզելու արդյոք անվտանգության նորմերը ապահոված են եղել: Այդ հետազոտություններին մասնակցում են նաև տվյալ ընկերության մասնագետները: Սակայն հետազոտության եզրակացությունները ԱԻՆ-ը չի հրապարակում իր կայքում: