Home / Եկեղեցի / Ով է ստում Ղարաբաղի գլխավոր տերտերի և ավտովթարի մասին

Ով է ստում Ղարաբաղի գլխավոր տերտերի և ավտովթարի մասին

Նոյեմբերի 30֊ին ArmNews֊ի լրագրող Սուրեն Արեենցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ճանապարհը չմաքրելու պատճառով դեպի Գավառ տանող ճանապարհին երթևեկելի հատվածից դուրս է շպրտվել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին սպասարկող Մերսեդես մակնիշի մեքենան»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեկնաբանել էր լրագրողի գրառումը՝ պնդելով, որ վթարված մեքենան Սրբազանին կամ թեմին չի պատկանել․ «Պարզապես Սրբազանի մեքենայի հետ մեկտեղ նույն շարասյունով այդ մեքենան ուղևորվելիս է եղել Արցախ, ճանապարհին այն երթևեկելի հատվածից իրապես դուրս է եկել: Պարգև Սրբազանն այդ մեքենայում չի եղել, մեքենայի ուղևորները չեն վնասվել»,֊ մեկնաբանել էր Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Մինչդեռ լրագրողը մեկնաբանությունների տիրույթում պնդել էր իր ասածը․ «Ճանապարհին բացի Մերսեդես մակնիշի ավտոմեքենայից եղել է նաև մեկ սովետական արտադրության կարմիր Ժիգուլի՝06 մակնիշի մեքենա և մեկ տրակտոր։ Ցավում եմ, որ Սրբազանը երթևեկում է 06 մակնիշի մեքենայով», – քահանա Մելիքյանի մեկնաբանությանը պատասխանել էր Արեենցը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Հրապարակ» օրաթերթին հայտնել էին, որ նման ահազանգ իրենք չեն ստացել, որեւէ վթար չունեն արձանագրված։

Արցախի Հայրապետական թեմի առաջնորդարանից լրագրողի հրապարակած տեղեկատվությունը հաստատեցին մասամբ։ «Պարգև Սրբազանը մերսեդես չունի, իր մեքենան տոյոտա պռադո է։ Վթար չի եղել, կարծեմ ուղղակի ճանապարհից դուրս եկած մեքենա է եղել, ինքը կանգնել օգնել է, միասին սպասել են տրակտորին, որպեսզի մեքենան դուրս հանեն», – Epress.am֊ի հետ զրույցում ասել են առաջնորդարանից։