Home / Դատարան / Փաստաբանների պալատի հոմոֆոբ ղեկավարը նաև ոչ կոմպետենտ է

Փաստաբանների պալատի հոմոֆոբ ղեկավարը նաև ոչ կոմպետենտ է

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խտրական հայտարարությունները ցույց են տալիս, որ նա չունի իրավաբանի մասնագիտական կոմպետենցիա և վստահելի չէ որպես փաստաբան, ուստի չի կարող զբաղեցնել պալատի նախագահի պաշտոնը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» կազմակերպութան նախագահ Նվարդ Մարգարանը՝ մեկնաբանելով նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանների պալատի նախագահի արած հայտարարությունները:

Զոհրաբյանը դեմ էր արտահայտվել քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին, որոնցով քրեականացվում է խտրականությունը բոլոր հիմքերով, այդ թվում՝ սեռական կողմնորոշման հիմքով: Նոր օրենսգրքով խտրականությունը պատժվում է տուգանքով, հանրային աշխատանքով կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ: Փաստաբանը այդ կապակցությամբ հայտարարել է. «Ես կարծում եմ՝ օրենսգրքի 197-րդ հոդվածը, որը խտրականության դեմ է, այսպես ասած, պայքարում, պետք է ունենա նույն ձեւակերպումը, ինչ որ կա Սահմանադրության մեջ: Սահմանադրության մեջ չկա անկախ սեռական կողմնորոշումից բառակապակցությունը: Ի վերջո, չմոռանանք, որ մենք էլ ունենք արժանապատիվ կյանքի իրավունք, մենք բոլորս պետք է ապրենք այնպիսի միջավայրում, որտեղ մեզ լավ ենք զգալու»:

Նվարդ Մարգարյանը նկատում է, որ, լինելով իրավաբան, Զոհրաբյանը պետք է իմանար` իզուր չէ, որ կան վարչական, քրեական, քաղաքացիական օրենսգրքեր, դատավարության օրենսգրքեր, և Սահմանադրությունը միակ իրավական փաստաթուղթը չէ: «Նման կարծիք հայտնելը իրավաբանությունից շատ հեռու լինելու մասին է խոսում: Փաստաբանների պալատի նախագահի այսպիսի հայտարարություններից է երևի, որ մի շարք փաստաբաններ կասկածեցին, որ նա իրավաբանի դիպոմ ունի ու դիմել են դատարան»:

Զոհրաբյանը  ասել է, որ պետությունը հանդուրժող է փոքրամասնությունների հանդեպ, բայց ապրելակերպի քարոզելուն ինքը դեմ է: «Կարող է մարդիկ լինեն, ովքեր որոշեն գոմաղբ ուտել ու սկսեն շարժումներ: Օրինակ՝ գոմաղբ ուտողների միություն ստեղծեն, փողոց դուրս գան, գնան դպրոցներ ասեն՝ ճիշտն այսպես է և փորձեն քարոզ անել», – ասել է նա:

Մարգարյանն նկատել է, որ Զոհրաբյանը իր արտահայտություններում նաև խտրական է: «Փաստաբանից ակնկալվում է իրավապշտպանական մոտեցում, խտրականությունից պաշտպանություն: Իսկ փաստաբանների պալատի նախագահը ինքը խտրական վերաբերմունք ունի: Ինչպե՞ս պետք է պաշտպանի մարդկանց դրանից», – ասել է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» կազմակերպութան ներկայացուցիչը: