Home / Առողջապահություն / Բանտում կալանավորին ինքնասպանության փորձի են դրդել՝ «գործ տվող» անվանելով

Բանտում կալանավորին ինքնասպանության փորձի են դրդել՝ «գործ տվող» անվանելով

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրեն վարկաբեկելու և «գործ տվող» անվանելու պատճառով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված Է․Տ․֊ին նոյեմբերի 3֊ին ինքնասպանության փորձ է կատարել։ Այս մասին դատապարտյալը հայտնել է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբին։

Խմբի կայքը ահազանգում է․ «ՔԿՀ համակարգի ծառայողներից մեկը տվյալ մասնաշենքում երկու անգամ ընդունելություն է կատարել, որի ժամանակ հանդիպել է նաև Է.Տ.-ին: Այդ հանդիպումից հետո ՔԿՀ համակարգի մեկ այլ ծառայող դատապարտյալների շրջանում լուրեր է տարածել, որ Է. Տ.-ն «գործ տվող» է: Այդ պատճառով հարկի մյուս խցերում գտնվող ազատազրկված անձինք թշնամացել են Է.Տ.-ի  և իր խցակիցների դեմ: Զբոսանքի գնալիս մյուս դատապարտյալները Է.Տ.-ի խցի դիմացով անցնելիս սկսել են հայհոյանքներ հնչեցնել և նրան անվանել են «գործ տվող»: Է.Տ.-ն այդ քայլին է գնացել, որպեսզի ուշադրություն հրավիրի վերոհիշյալ հարցի վրա` այն լուծելու համար»։

Դիտորդները փոխանցում են նաև, որ ինքնավնասման փորձից հետո Քրեակատարողականի աշխատակիցները դատապարտյալին  շուրջ  4 ժամ օգնություն ցույց չեն տվել, ապա տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Ինքնավնասում կատարելու դեպքի փաստով  հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու  հոդվածով։