Home / Հայաստան / Կառավարության նոր որոշում՝ հանուն «Գազպրոմ»֊ի տնտեսական վիճակի ապահովման

Կառավարության նոր որոշում՝ հանուն «Գազպրոմ»֊ի տնտեսական վիճակի ապահովման

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 30-ին փոփոխություններ է մտցրել «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանին վաճառելու հայ֊ռուսական պայմանագրի մեջ: Որոշման նախագծով ռուսական կողմի համար մեկ տարով՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը, երկարացվում է դրամական հոսքերի հաշվարկը մշակելու և Հայաստանին ներկայացնելու վերջնաժամկետը։

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ փոփոխությունները կատավրում են «ընդունելով Հայաստանի տնտեսության համար համակարգաստեղծ ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ֊ի կայուն տնտեսական վիճակի ապահովման կարևորությունը»։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հրաժարվեցին բացատրել փոփոխության էությունը։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ցանկացած ներդրումային ծրագիր ընդունվում է, եթե այն ունի դրամական հոսքերի հաշվարկ և կանխատեսում։ Սակայն Հայաստանը 2013 թվականի դեկտեմբերի 2-ին առանց համապատասխան ֆինանսական հաշվարկների է Ռուսաստանին վաճառել «ՀայՌուսգազարդ»֊ի իր բաժնեմասը՝ պայմանով, որ հետագայում այդ հաշվարկը կներկայացվի։

Ըստ տնտեսագետի՝ այս բացը հնարավորություն է տալիս ռուսական կողմին Հայաստանում իր ֆինանսները «մի գրպանից մյուսը տեղափոխել», կամ իրականացնել տրանսֆերտային գնագոյացում։ Գազպրոմը Հայաստանի և՛ էներգետիկ, և՛ գազի ոլորտում է գործում։ «Առանց այդ փաստաթղթերի Հայաստանը չի կարող արդյունավետ մոնիտորինգ անել ընկերության գործունեության թափանցիկությունը», – նշել է Մանուկյանը։ Ռուսական կողմը նաև հնարավորություն ունի օգտվել այն հանգամանքից, որ տարբեր արժույթներով է հարաբերվում Հայաստանի հետ․ օրինակ, գազի ինքնարժեքը ձևավորվում է ռուսական ռուբլիով, սակայն սահմանին վաճառվում է ԱՄՆ դոլարով, իսկ Հայաստանը Ռուսատանին վճարում է դրամով և դոլարով։

Նշենք, որ դրամական հաշվարկների մոդելներ ներկայացնելու ժամկետը առաջին անգամ չէ, որ հետաձգվում է Գազպրոմի համար։ 2015 թվականի օգոստոսի 18֊ի որոշմամբ Հայաստանի կառավարությունն առանց դրանց «Գազպրոմին» երաշխավորված նախապատվություն էր տվել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրացանցերին միանալու հարցում։