Գլխավոր / Բնապահպանություն / Մղարթ գյուղում հանքի ծրագրի դեմ պայքարողներին փորձում են ահաբեկել

Մղարթ գյուղում հանքի ծրագրի դեմ պայքարողներին փորձում են ահաբեկել

Լոռու մարզի Մղարթ գյուղում ոսկու և բազմամետաղի հանքավայրը շահագործելու հայտ ներկայացրած «Միռամ» ընկերությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի բնակիչները չընդդիման իրենց ծրագրերին։ Այս մասին ահազանգում է խնդրով զբաղվող «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը։

Հիշեցնենք, որ Մղարթ, Արդվի, Օձուն, Այգեհատ, Արևածագ գյուղերի բնակիչները դեկտեմբերի 1֊ին թույլ չեն տվել, որ հանքաարդյունաբերական ծրագրի շուրջ հանրային լսումները տեղի ունենան և Օձուն միավորված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի հետ արձանագրություն են կազմել՝ փաստելով, որ բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը։

«Մղարթում նախատեսված Շեկաղբյուրի ծրագրի հանրային քննարկման տապալումից հետո, դեկտեմբերի 3-ին «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը Մղարթի բնակիչներից ահազանգ ստացավ, որ Մղարթ են եկել «Միռամ» ընկերության համախոհները Նիվա մակնիշի 34 OP 848 համարանիշի մեքենայով և թաքուն տեսանկարահանումներ են իրականացնում` փորձելով հայտնաբերել Շեկաղբյուրի ծրագրին դեմ արտահայտվողներին:

Նկարահանումն իրականացնողը նույն Շեկաղբյուրի ծրագրի համար առանց թույլտվության փոս էր փորել հանքերևակման տարածքում: Ընկերության մյուս համախոհը դեկտեմբերի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի հարցին պատասխանելու փոխարեն լրագրողի միկրոֆոնին էր հարվածել: Ակնհայտ է, որ այժմ «Միռամ» ընկերությունը փորձում է ազդել Մղարթ գյուղի վրա, վախի մթնոլորտ ստեղծելով, որպեսզի բնակիչները չխոչընդոտեն ընկերության այն փոքրաթիվ համախոհներին, ովքեր փորձում են օրակարգ բերել Շեկաղբյուրի վտանգավոր ծրագիրը:

Մենք` Մղարթ, Արդվի, Օձուն, Այգեհատ, Արևածագ բնակավայրերի բնակիչներս, հայտարարում ենք, որ մեկ համայնք ենք: Մենք չենք ցանկանում դառնալ հանքարդյունաբերական կցորդ, ինչն արդեն տեսել ենք Մղարթ գյուղում, երբ հանքարդյունաբերությունն աղտոտել է գյուղի մաքուր ռեսուրսները` ջուրը, հողը, օդը` չկրելով որևէ պատասխանատվություն: Մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ` զարգացնել մեր Օձուն մեծ համայնքը կայուն,երկարաժամկետ, շրջակա միջավայրի համար անվտանգ տնտեսություններով ևթույլ չենք տա խոչընդոտել մեր զարգացման ծրագրերին»,֊ հայտարարել է «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը։

Գյուղացիների հիմնական մտահոգությունն այն է, որ հանքի շահագործումը կազդի խմելու և ոռոգման ջրի վրա, և իրենք չեն կարողանա զբաղվել գյուղատնտեսությամբ։