Գլխավոր / ԼԳԲՏ+ / Կամայական վերաբերմունք․ ինչու է նախարարությունը հրաժարվում ԼԳԲՏ թեմայով գովազդները սոցիալական ճանաչել

Կամայական վերաբերմունք․ ինչու է նախարարությունը հրաժարվում ԼԳԲՏ թեմայով գովազդները սոցիալական ճանաչել

Մշակույթի նախարարությունը հրաժարվել է ԼԳԲՏ թեմայով երեք գովազդները՝ «Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են», սոցիալական ճանաչել։

Նման դիմումով նախարարությունն էր դիմել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (Փինք Արմենիա)։ Մշակույթի նախարարությունն իր պատասխանում՝ հղում տալով «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, նշել է, որ «ներկայացված գովազդային նախագծերը որևէ հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում և սոցիալական իրազեկման տարր չեն պարունակում»։

«Ներկայումս հասարակությունը հեռուստահաղորդումների, սոցիալական կայքերի և տեղեկատվության այլ միջոցներով տեղեկացված է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձնանց գոյության մասին, հետևաբար տվյալ պարագայում բացակայում է դրա մասին առհասարակ գովազդի տեսքով հասարակությանը իրազեկելու անհրաժեշտությունը», ֊ ասված է Մշակույթի նախարարության պատասխանում։

Փինք Արմենիա֊ի նախագահ Նվարդ Մարգարյանի խոսքով՝ հեռուստատեսությունը և սոցիալական մեդիան ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության մեջ առկա բացասական վերաբերմունքի ձևավորման և ատելության սերմացման հիմնական աղբյուրներից է։

«Թե՛ հումորային հաղորդումներում, թե՛ թոք֊շոուներում, թե՛ տարբեր հաղորդումներում ԼԳԲՏ անձինք ներկայացվում են բացասական կերպարով, ու նույնիսկ նրանց վերացնելու հանրային կոչեր են արվում։ Ինչ վերաբերում է սոցիալական մեդիային, ապա բազմաթիվ սպառնալիքներ, ատելության ու ԼԳԲՏ անձանց վերացնելու կոչերը դարձել են առօրյայում կրկնվող արտահայտություններ, որի մասին մենք բազմիցս հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն։ Ուրեմն արդյոք սա՞ է համարում Մշակույթի նախարարությունը «բավարար իրազեկվածություն»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Մարգարյանը։

Նա ընդգծել է, որ իրենք ցանկանում են, որ գովազդները սոցիալական ճանաչվեն՝ հետագայում զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ հեռուստատեսությամբ ցուցադրելու նպատակով։

Մշակույթի նախարարության պարզաբանման մեջ նաև նշված է, որ գովազդային պաստառները «ոչ միայն քարոզում են հանրության այդ խավի գոյության մասին, այլև բացահայտ գովազդում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզող մի շարք կազմակերպությունների»։

«Այդ հիմնավորումը բացահայտում է նրանց կամայական վերաբերմունքը կոնկրետ կազմակերպությունների վերաբերյալ և իրական պատճառը, թե ինչու են մերժել մեր կողմից ներկայացված գովազդները սոցիալական ճանաչել։ Բնական է, որ գովազդի վերջում պետք է տեղեկատվություն զետեղված լինի գովազդը պատրաստողի մասին։ Օրինակ, կարո՞ղ է նույն պատճառով Մշակույթի նախարարությունը սոցիալական գովազդ չճանաչել արդարադատության նախարարության «Հայ ընտանիք՝ առանց բռնության» սոցիալական գովազդը, որը նաև ցուցադրվել է հեռուստատեսությամբ»,֊ ասել է Մարգարյանը։

Նա ընդգծել է նաև՝ զավեշտալի է, որ Մշակույթի նախարարությունն իր պատասխանում ընդգծել է, որ պաստառների վրա առկա են եղել QR կոդեր, ինչը նույնպես որակվել է որպես «ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզող մի շարք կազմակերպությունների» գովազդ։

«Մենք նախարարություն ներկայացրել էինք 3 տեսահոլովակ և 3 պաստառ․ այդ պաստառների վրա առկա QR կոդերը տանում էին դեպի այդ 3 տեսահոլովակներ հղմամբ»,֊ ընդգծել է Նվարդ Մարգարյանը։

«Փինք Արմենիա»֊ն այս առիթով դիմելու է ՀՀ Վարչական դատարան, որովհետև կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով ակնհայտ է, որ գովազդները սոցիալական չեն ճանաչվել, քանի որ դրանք ԼԳԲՏ թեմայով են եղել։

Նշենք, որ 2017թ․մայիսի 27-ին «Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվել էին՝ պատճառաբանությամբ, որ դրանք տեղադրվել են ապօրինի։