Home / Մարզեր / Ապօրինություն․ Գյումրու քաղաքապետարանում չցանկացան կառավարությունից մանկապարտեզների համար գումար խնդրել

Ապօրինություն․ Գյումրու քաղաքապետարանում չցանկացան կառավարությունից մանկապարտեզների համար գումար խնդրել

Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության կողմից առաջարկվող համայնքապատկան մանկապարտեզները Երևանի համայնքապատկան մանկապարտեզների նմանությամբ անվճար դարձնելու մասին նախագիծը, որն ուղարկվել էր Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, որպեսզի ավագանին այն իր անունից ուղղեր ՀՀ վարչապետին, դրական եզրակացության չի արժանացել։

Այս մասին ասված է Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության հայտարարությունում։

Ուղերձում «ԳԱԼԱ» խմբակցությունը ՀՀ կառավարությունից խնդրել էր 550 մլն դրամ սուբվենցիա՝ որպեսզի հնարավոր լինի վերացնել Գյումրու մանկապարտեզահասակ երեխաների շրջանում առկա խտրականությունը։

Գյումրիում սոցիալական դրության, աղքատության բարձր մակարդակով պայմանավորված 1700 երեխա զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

«ԳԱԼԱ» խմբակցության ղեկավար Ա. Վարդանյանը 2017 թ. հոկտեմբերի 31-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարից տեղեկացել է, որ իրենց նախագիծն ընդգրկվելու է Գյումրու ավագանու Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողովի և Իրավական հարցերի հանձնաժողովի 2017 թ. հոկտեմբերի 31-ի նիստում, մինչդեռ հետագայում այն քննարկվել է Գյումրու ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում։

Այս նիստի ընթացքում ուղերձի նախագիծը չի արժանացել դրական եզրակացության, քանի որ հանձնաժողովի նախագահ Լուսինե Սանոյանը՝ Ավագանու կանոնակարգի համաձայն, քվեների հավասար բաշխվելու պարագայում վճռական ձայնի իրավունքով որոշել է նախագիծը համարել դրական եզրակացություն չստացած:

«ԳԱԼԱ» խմբակցությունը ավագանու վերոհիշյալ ուղերձը ավագանու դեկտեմբերի 6-ի օրակարգում չընդգրկելը համարում է ապօրինություն, մասնավորաբար, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ինքնիրավչության հետևանք՝ հղում տալով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 1-ին մասին։ Այն է, համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորվում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների կողմից աշխատակազմի քարտուղարին՝ նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից, իսկ նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում և քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին: Սա նշանակում է, որ ավագանու նիստի օրակարգում նախագծերը ընդգրկվում են անկախ այն հանգամանքից, թե ինչ եզրակացություններ են տալիս ավագանու հանձնաժողովները: Նման սահմանափակում չկա նաև Գյումրու ավագանու կանոնակարգում։