Գլխավոր / Հայաստան / Երևանի սեյսմիկ անվտանգությունը լուրջ խնդիր է

Երևանի սեյսմիկ անվտանգությունը լուրջ խնդիր է

Երևանում ուժգին երկրաշարժի դեպքում կարող են լինել 40 տոկոս մասնակի կամ ամբողջական փլուզումներ։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում տեղի ունեցած «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ- ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը:

«2010 թվականին ճապոնական «Ջայկա» կազմակերպության հետ համատեղ իրականացվել է Հայաստանի սեյսմիկ ռիսկի գնահատում։ Հիմնական բաղադրիչները բազմաբնակարան շենքերն էին, որոնց թիվը Երևանում մոտ 4700 է, և այդ շենքերը բաժանվում է տիպերի։ Սկսած կառուցապատման տարեթվերից, շինարարական նյութերից, կառուցվածքային առանձնահատկություններից, շահագործման պայմաններից, գտնվելու վայրից և այլն։ 40 տոկոսը Սեյսմիկ ազգային ծառայության և ճապոնացի մասնագետների գնահատմամբ է», ֊ ասել է Զավեն Խլաթյանը։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերն արտակարգ իրավիճակներում կարող են Շտապօգնության և փրկարարական ջոկատների համար դեպքի վայր արագ հասնելու խնդիր դառնալ։

«Մեզ մոտ փլուզումների ժամանակ առաջնային խնդիր է փողոցների հասանելիությունը, հատկապես խիտ կառուցապատման պատճառով։ Մյուս խնդիրը քաղաքի տարբեր հատվածներում շենքերի կցակառույցներն են, հարկերի ավելացումները, որոնք վնասում են շենքերի սեյսմիկ անվտանգությանը»,֊ ընդգծել է Պետրոսյանը։

Փորձագետների կարծիքով՝ ներկայիս սեյսմիկ վտանգներին համախատասխան լինելու համար Հայաստանի բազմաբնակարան շենքերի ֆոնդի համար անհրաժեշտ է մոտավորապես 32֊35 միլիարդ դոլար ներդրում է։

Նշենք, որ ամբողջ Հայաստանում 18 հազար բազմաբնակարան շենք կա։