Home / Ազգային ժողով / ԱԺ֊ն կողմ քվեարկեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի խեղաթյուրված տարբերակին

ԱԺ֊ն կողմ քվեարկեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի խեղաթյուրված տարբերակին

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության առաջարկած այս օրինագծին կողմ են քվեարկել «ՀՀԿ» և «Ելք» խմբակցություններն ամբողջությամբ։ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից դեմ են եղել 12 պատգամավորներ, ձեռնպահ՝ 6։

Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի վերջնական տարբերակում Կառավարությունն ավելացվել է «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման» սկզբունքները, ինչը չկար հանրային քննարկման դրված առաջնային նախագծում։ Այս փոփոխությունները, ըստ կանանց իրավունքներով զբաղվող կազմակարեպությունների, խեղաթյուրում են նախագծի բուն իմաստը։

Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն ու անհատները նոյեմբերի 23-ին Կառավարության դիմաց պահանջել են վերականգնել նախագծի նախկին անվանումը և որոշ այլ բովանդակային փոփոխություններ անել, որպեսզի օրենքն արդյունավետության տարր ունենա ընտանեկան բռնության զոհերին պաշտպանելու գործում։ Օրենքում անորոշ են «ավանդական արժեքներ», «հաշտեցում» և նման եզրույթների իրավական նշանակությունը։ Փոփոխությունները նաև սահմանափակում են օրենքի հնարավոր շահառուների ցանկը․ օրինակ, համատեղ չբնակվող ամուսինների դեպքում բռնության ենթարկված անձն այլևս չի կարող պաշտպանվել օրենքի պաշտպանական մեխանիզմներով։ Իրավապաշտպանների առաջարկները, սակայն, չեն ընդունվել։