Home / Կրթություն / ԿԳ նախարարն ազդել է երեխայի բռնության գործով նախաքննության վրա․ փաստաբան

ԿԳ նախարարն ազդել է երեխայի բռնության գործով նախաքննության վրա․ փաստաբան

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում 1-ին դասարանի տղային համադասարանցիների կողմից բռնության ենթարկելու մասին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի նոյեմբերի 15֊ին արված հայտարարությունն ազդում է նախաքննական մարմնի վրա։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում «Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը։

«ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել էր, որ բռնություն չի եղել, նման բան չկա։ Սակայն, մենք գիտենք, որ ԿԳ նախարարն իրավապահ մարմին չէ և նա պարզապես իրավունք չուներ ազդել նախաքննական մարմնի վրա Ազգային ժողովում արած իր հայտարարությամբ», – ասել է փաստաբանը։

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում երեխային բռնության ենթարկելու մասին լուրը «չի համապատասխանում իրականությանը»։

«Կարճ ժամանակ հետո դպրոցի տնօրենը պարզաբանեց, որ, ըստ էության, այդպիսի խնդիր [բռնության ենթարկել] չի եղել, երեխան ինքը` հոգեվիճակով մի քիչ այլ երեխա է և ընտանիքի ներսում էլ հակասություն է եղել։ Մենք տեղում ճշտեցինք, որևէ ձևով այդ փաստը չի ապացուցվում և հստակ է, որ նման խնդիր չի եղել», ֊ նշել էր նախարարը։

Փաստաբանի խոսքով՝ հրապարակվել են նաև երեխայի անձնական տվյալները, մասնավորապես, ընտանիքի մասին տեղեկություններ, ինչով խախտվել է երեխայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

«Անթույլատրելի էր մանկավարժի կողմից իմ վստահորդի ընտանիքի մասին հանրության առաջ քննարկումը, մասնավորապես՝ նրա ծնողների ամուսնալուծված լինել֊չլինելու հարցը։ Բացի դա, նրանց [դպրոցի] հոգեբանի կողմից հայտարարվել էր, որ երեխան ինչ֊որ խնդիրներ ունի։ Սա անթույլատրելի է․ անձի կյանքի, արժանապատվության, գաղտնիության հարցն է, որը որևէ տնօրեն, հոգեբան իրավունք չունի հրապարակայնորեն հայտնել։ Քանի որ երեխայի հետ գործ ունենք, երեխայի իրավունքները պետք է գերակա լինեն», ֊ այսօրվա քննարկման ժամանակ ասել է Ղարագյոզյանը։

Նշենք, որ, ըստ Shamshyan.com-ի հրապարակման, նոյեմբերի 8-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի զուգարանում Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մ–Ա․ Ս֊ի նկատմամբ երեք դասընկերներ բռնություն էին կիրառել։ Նրանք սկոտչով կապել էին երեխայի ձեռքերն ու դեմ տվել պատին, մի քանի հարվածներ հասցրել, ինչի հետքերը առկա են եղել երեխայի մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Երեխայի մայրը՝ 47-ամյա Մ․ Ս֊ն նշել էր, որ իր տղան առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Իսրայելում բուժումներ է ստացել: Որոշ չափով ապաքինվել է, գրեթե չի կակազել, սակայն, այդ դեպքից հետո երեխան սկսել է վախենալ ու խոսելիս կակազել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեխան ճանաչվել է տուժող, մայրը՝ տուժողի ներկայացուցիչ։

Տուժողի փաստաբան Ղարագյոզյան, այսօր ասել է նաև, որ 7֊ամյա երեխան այժմ հոգեբանական ծանր վիճակում է, ստանում է հոգեբանի օգնություն։