Գլխավոր / Բնապահպանություն / Ամուլսարի «թթվային կոկտեյլն» անհնար կլինի կառավարել․ այլընտրանքային փորձաքննություն

Ամուլսարի «թթվային կոկտեյլն» անհնար կլինի կառավարել․ այլընտրանքային փորձաքննություն

Ամուլսարում ոսկու կորզման ծրագրի մասին դեկտեմբերի 12-ին այլընտրանքային հանրային փորձաքննություն է անցկացվել, որի ընթացքում երկրաբաններ, քիմիկոսներ, իրավաբան և այլ մասնագետներ ներկայացրել են իրենց հետազոտությունները՝ եզրակացնելով, որ հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումն անթույլատրելի է:

«Թթվային կոկտեյլը» Ամուլսարում անկառավարելի է

Երկրաբանական գիտությունների թեկնածու Արմեն Սաղաթելյանը ներկայացրել է, որ Ամուլսարի ապարների հարուստ մետաղային կառուցվածքի, լեռան խիստ ճաքճքվածության և թթվային աղբյուրների առկայության պատճառով այնտեղ հանքաարդյունաբերության վնասն ուղղակի անկառավարելի է դառնալու՝ անկախ շահագործողի տեխնոլոգիական առաջադիմությունից։

Սաղաթելյանը նշել է, որ Ամուլսարի ապարներում կան բազմաթիվ մետաղներ՝ ծծումբ, երկաթ, ցինկ, կապար, սակայն դրանք առանց հանքաարդյունաբերական միջամտության գտնվում են ոչ ակտիվ վիճակում։ Մետաղները հանդիպելով թթվածնի՝ օքսիդանում են՝ վերածվելով անվտանգ ժանգի։ Դրանք դառնում են ակտիվ՝ հանդիպելով թթու ջրի։ Իսկ Ամուլսարը ունի թթու աղբյուրներ և թթու լիճ։ Մետաղները, այս ջրային ռեսուրսները լցվելով, վերածում են դրանք «թթվային կոկտեյի», որտեղ, թթավայնությունից բացի, առաջանում են ակտիվ կադիում, սնդիկ, մկնդեղ, կապար, ցինկ, պղինձ և մի շարք թունավոր նյութեր։

«Այս հանքավայրը հիմա համեմատաբար հանգստի մեջ է։ Հանքավայրը ծածկված է հողով։ Այսինքն ջրերը դժվար են թափանցում։ Սակայն ինքը՝ հանքավայրը, ահռելի ճաքճքված է։ Հենց որ մենք սկսում ենք քանդել վերևի մասը, մենք ստեղծում ենք մի խոռոչ, որտեղ անարգել լցվում են անձրևաջրերը, հալոցքները։ Ինչքան խորացնում են, աճում է գրունտային ջրերի ներհոսքը։

Այսպիսով՝ մենք ստեղծում ենք մի ռեակտոր, ստեղծում ենք մի ահռելի խոռոչ, որի մեջ լցվում է տարբեր ծագման ջրեր, որոնց դուրս ենք գալու աղբյուրների ձևով։ Աղտոտված, թթու ջրերի ելքը ապակենտրոնացված է, մենք չունենք մի կետ, որտեղից ջուրը դուրս է գալու, և մենք կարող ենք հավաքել, չեզոքացնել։ էս հանքավայրի ամենամեծ դժբախտությունն այն է, որ գործ ունենք անկառավարելի ռիսկի հետ։ Կա նաև բարոյական լուրջ խնդիր․ ընկերության ՇՄԱԳ֊ի մեջ այս մասին չի խոսվել։ Անգլերենում տեղ֊տեղ ցույց է տրված, բայց հայկական պաշտոնական փաստաթղթի մեջ այս ռիսկը չի մատնանշվում»,֊ ասել է Սաղաթելյանը։

Ամուլսարը շրջակա միջավայրից կտրված «բլոկ» չէ

Երևանի պետական համալսարանի դասախոս Շահեն Խաչատրյանը ևս եզրակացություն է ներկայացրել, համաձայն որի Ամուլսարի հանքավայրի շահագործումը բացասաբար է ազդելու ոչ միայն Ջերմուկի հանքային ջրերի, այլև քաղցրահամ ջրերի վրա, ինչը գրեթե չի քննարկվում, Որոտան֊Արփա թունելի վրա, որը անցնում է Ամուլսարի ափսեանման մակերեսի կենտրոնական մասով, սողանքների վրա, որոնք հանքում պայթեցումներից հետո ակտիվանալու են։ Պայթեցումների ուժգնությունն ընկերությունը չի հրապարակել, այլապես Շահեն Խաչատրյանը կկարողանար հաշվարկել ազդեցությունն ավելի կոնկրետ։

Ըստ Խաչատրյանի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ նշված ազդեցությունները չեն լինի, քանի որ Ամուլսարը մի առանձին բլոկ է, որը հիդրոերկրաբանականորեն մեկուսացված և ոչ մի կապ չունի շրջակա միջավայրի հետ»։

Այդ տեսությունը Խաչատրյանը հերքում է` ցուցադրելով քարտեզներ․ «Հայաստանի տարածքում բազմաթիվ այդպիսի խզումներ կան՝ ջարդված ափսեի նման։ Բայց այդտեղ բլոկ գոյություն չունի»։

Խաչատրյանը նշել է, որ իրեն հրավիրել են «Լիդիան Արմենիայի» գրասենյակ, բայց որևէ ապացույց բլոկի մասին ինքը չի ստացել։

«Աղբյուրները հիմա կուսական վիճակում են, քանի դեռ ռելիեֆը ձեռք տված չի։ Եթե պայթեցումներ տեղի ունենան, այդ ճեղքերը սկսելու են բացվել, աղբյուրները արագ են բացվելու, ոչ թե տարվա ընթացքում, այլ մի քանի ամսվա։ Բացի դրանից, այդ ճեղքերը լցված են հանքային նյութերով, բոլորը խառնվելու են ջրերին, մենք կորցնելու ենք ջրերի որակը, այն դառնելու է անպիտան օգտագործման համար։ Ինչպես բաժակը շարժելիս, դրա մեջ ջրի տակ նստած տարրերը բարձրանում են»,֊ ասել է Շահեն Խաչատրյանը։

Լիդիան Արմենիան չէր մասնակցել հանրային քննարկմանը

Հանրային փորձաքննությունից մեկ ժամ անց «Լիդիան Արմենիայից» Epress.am֊ի թղթակցին են զանգահարել են և առաջարկել իրենց տեսակետն էլ հայտնել մեր լրատվամիջոցի ընթերցողներին։ Մենք չգիտենք՝ արդյոք Լիդիանի ներկայցուցիչները ներկա էին քննարկմանը, բայց ամեն դեպքում տեղում ոչ ոք չի առարկել ելույթ ունեցողներին։ Epress.am-ը համաձայնել է բարձրացված հարցերի մասին պատասխաններ ստանալ ընկերության գրասենյակում մեզ ընդունած աշխատակցից՝ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանից։ Վերջինս, սակայն, զգուշացրել է, որ խոսելու է ընդհանուր, այլ ոչ թե այդ միջոցառման ելույթների մասին։

Ջրային ռեսուրսների վրա բացասական ազդեցության ռիսկի մասին խոսելով՝ Ստեփանյանը նշել է, որ իրենք ունեն ջրի կառավարման համակարգ, իսկ տեղումները Ամուլսարում քիչ են, դա, ըստ էության, «ծարավ» հանքավայր է և իրենք կկարողանան ջուրն ամբարել։ Ամուլսարը «բլոկ» լինելու մասին հարցին «Լիդիանի» ներկայացուցիչը չի պատասխանել՝ խոստանալով մեզ տալ իրենց երկրաբանի կոնտակները։ Ինչ վերաբերում է սողանքներին, Ստեփանյանի խոսքով՝ դրանք հեռու են և պայթյուններից որևէ ազդեցություն չեն կրելու։