Գլխավոր / Բանակ / Արդյոք ուսանողների առաջարկած տարկետում տրամադրելու մեխանիզմը ձեռք կտա ՊՆ֊ին

Արդյոք ուսանողների առաջարկած տարկետում տրամադրելու մեխանիզմը ձեռք կտա ՊՆ֊ին

Տարկետման հետ կապված ուսանողների առաջարկած մեխանիզմները ՊՆ֊ն և ԿԳՆ֊ն ողջունել են, բայց դրանք իրականացնելու պայմանավորվածություն դեռ չկա։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում այսօր ասել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Հայկ Զաքարյանը։

«Երեք հանդիպում ենք ունեցել, վերջին հանդիպումն անցյալ շաբաթ էր։ Հանդիպել ենք Արտակ Զաքարյանի (ՊՆ փոխնախարար), Լևոն Մկրտչյանի (ԿԳ նախարար), Վիգեն Սարգսյանի (ՊՆ նախարար) հետ առաջարկել ենք մեխանիզմ, որը երկու նախարարությունների կողմից էլ ողջունվել է, բայց ընդունելու և կատարելու հարցում կոնկրետ պայմանավորվածություն չկա», ֊ նշել է Զաքարյանը։

Ուսանողի խոսքով՝ նրանց առաջարկած մեխանիզմի չափորոշիչները պետք է ԿԳ նախարարությունը սահմանի։

«Առաջարկած մեխանիզմը հետևյալն է․ ամեն անցումային փուլի համար, դա կլինի բուհ ընդունվել, մագիստրատուրա շարունակել, թե ասպիրանտուրա դիմել, պետք է գոյոթյուն ունենան տարբեր չափանիշներ։ Այս չափորոշիչների շնորհիվ պարզ կդառնա երիտասարդը սովորելու ընթացքում հաջողությունների հասե՞լ է, խոստումնալի՞ց է, թե ոչ։ Այդ չափանիշները ընդհուպ մինչև 100 միավոր ուսանողը կարող է հավաքել։ Օրինակ, հատելով 70֊80 միավորի սահմանը, նա կհամարվի նշանակալի հաջողություններ գրանցած ուսանող և ըստ այդ ցուցանիշի կառավարությունը նրան տարկետում կտրամադրի։ Այսինքն միջակ սովորողները, բանակից խուսափողներն ավտոմատ կֆիլտրվեն և ասպիրանտուրա կընդունվեն գիտությամբ իսկապես զբաղվել ցանկացողները», ֊ ասել է նախաձեռնության անդամ Հայկ Զաքարյանը։

Հայկ Զաքարյանի կարծիքով՝ այս մեխանիզմը բխում է նաև պետության շահերից, հետևաբար պետք է աշխատի։

«Արդյոք համարում ենք իրատեսական, եթե չհամարեինք, կլոր սեղան քննարմանը չէինք գնա։ Մենք կարծում ենք, որ այս առաջարկը բխում է նաև պետական շահերից։ Այն իրենց ձեռք կտա և իրենք դա կանեն։ Այժմ նրանք մեզանից սպասում են մեր առաջարկած մեխանիզմների գրավոր տարբերակին։ Մենք նախաձեռնության անդամներով աշխատում ենք դրա վրա և առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ», ֊ նշել է նա։