Գլխավոր / Ազգային ժողով / Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի մի մասը ՌԴ զորամասի քմահաճույքի պատճառով չի վերանորոգվի․ պատգամավոր

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի մի մասը ՌԴ զորամասի քմահաճույքի պատճառով չի վերանորոգվի․ պատգամավոր

Սյունիքի մարզի Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու շուրջ 40 մ երկարությամբ վթարված հատվածը չի վերանորոգվի։ Կառավարությունն այսօր որոշել է դադարեցնել վերանորոգման պայմանագիրը, քանի որ ՌԴ-ի 2393 զորամասի ղեկավարությունը համաձայնություն չի տվել։

«Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել», -նշված է հիմնավորման մեջ։

Կառավարությունն ընդգծում է, որ «աշխատանքների անհնարինությունը պայմամավորված է ՌԴ 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ։

Այսօրվա ԱԺ արտահերթ նիստին այս մասին  հարց է բարձրացրել նաև ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պահանջելով, որ որևէ կերպ արձագանքվի և մեկնաբանություն տրվի հարցին։

«ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության կարևորագույն ճանապարհը վերանորոգելու համար ոչ մի կերպ հնարավոր չի եղել համաձայնություն ստանալ․․․ի՞նչ պետք է անենք, որ նման դեպքերում կախվածություն չունենանք ՌԴ կոնկրետ զորամասի քմահաճույքներից», -ասել է պատգամավորը։