Home / Բնապահպանություն / Ինչ է «միջազգային ստանդարտը» հանքարդյունաբերությունում․ այլընտրանքային հանրային փորձաքննություն

Ինչ է «միջազգային ստանդարտը» հանքարդյունաբերությունում․ այլընտրանքային հանրային փորձաքննություն

Ամուլսարում ոսկու կորզման ծրագրին վերաբերող դեկտեմբերի 12-ի կայացած այլընտրանքային հանրային փորձաքննության ժամանակ, բացի բնապապանական ռիսկերից, խոսվել է նաև հանքարդյունաբերական ծրագրի իրավական դաշտի և ընկերության՝ «Լիդիան Արմենիայի» պարտավորությունների մասին։

Լիդիան Արմենիան՝ պատասխանատվությունը գցում է պետության վրա

Իրավաբան Նազելի Վարդանյանը նշել է, որ «Լիդիան Արմենիան» խախտում է ջրային օերնսգիրքը, ընդերքի մասին օրենսգիրքը, Սևանի մասին օրենքը և մի շարք այլ իրավական նորմեր։ Խախտվել է նաև ՀԿ֊ների դատարան դիմելու իրավունքը։

Ըստ իրավաբանի՝ 2010 թվականից ի վեր «Լիդիան Արմենիան» փոխում է իր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը՝ հանրային աղմուկից հետո։ Օրինակ, եթե նախկին ՇՄԱԳ֊ներում նշված էր, որ հանքավայրը գտնվում է բոլոր բնակավայերի տարածքներից դուրս, վերջին ՇՄԱԳ֊ում նշված է, որ այն գտնվում է Սարավան և Գնդևազ գյուղերի տարածքում։

«Հետագայում կասեն, մենք ամեն ինչ ազնիվ ներկայացրել ենք՝ պետությունը թող թույլ չտար։ Եվ ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է մեր՝ պետության վրա։ Նախորդ բոլոր փորձաքննություններում Ջերմուկը չի դիտվել որպես ազդակիր համայնք։ Ջերմուկը, էլի միայն մեր աղմուկից հետո, վերջին փորձաքննությունում դառնում է ազդակիր համայնք, սակայն Ջերմուկում մինչ օրս որևէ լսում չեն կազմակերպել։ Վերջերս նախարարությունում «Լիդիանի» ներկայացուցիչն իմ հարցին պատասխանեց, թե Ջերմուկի լսումը կազմակերպել են Սարավան գյուղում։ Դա աբսուրդ ա»,֊ ասել է Նազելի Վարդանյանը։

Միջազգային ստանդարտների միֆը՝ համոզելու և լեգիտիմացնելու գործիք

Այսպես կոչված «միջազգային ստանդարտները», որոնց վկայակոչելով ՀՀ Կառավարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում են, թե Ամուլսարի հանքավայրի շահագործումը կլինի անհետևանք, իրականում մոլորեցնող շահարկումներ են։ Այս պնդումն այլընտրանքային հանրային փորձաքննության ժամանակ արել է բնապահպան Աննա Շահնազարյանը։

«Երբ խոսում ենք միջազգային ստանդարների մասին, պետք է հասկանանք, որ դրանց երկու կողմերը բացառապես շահույթ հետապնդող կողմեր են՝ վարկատու և մասնավոր ընկերություն։ Վերջինիս ֆինանսական աղբյուրը բացառապես պարտքն է, ինքը ոչինչ չունի, միայն խոստում, որ էդ պարտքը պետք է վճարի շահույթներ ստանալուց հետո։ Ես, որպես այս երկրի քաղաքացի, որտեղ ուզում են հանք շահագործեն, «միջազգային ստանդարտների» դաշտում կողմ չեմ հանդիսանում։ Առավել ևս, ընդունենք, իմ կողմից ընտրված (իհարկե, Հայաստանում՝ չընտրված) Կառավարությունը ևս կողմ չի հանդիսանում»,- ասել է Աննա Շահնազարյանը։

Ըստ էության, միջազգային ստանդարտները, բնապահպանի խոսքով, համոզելու նորմատիվային միջոցներ են, այսինքն՝ այնպիսի վարքականոնի հռչակում, որը վստահություն է ներշնչում և լեգիտիմացնում բիզնեսի գործունեությունը ինչպես վարկատուների, այնպես էլ հանք շահագործողների համար։

Մասնավորապես, «Լիդիան Արմենիայի» պարագայում, հղում է կատարվում Միջազգային Ֆինանսական կորպորոացիայի ստանդարտներին։ Այդ ստանդարտները, Շահնազարյանի խոսքով, կամովի ստանձնած հանձնառություններ են ֆինանսավորողի նկատմամբ, ոչ թե՝ տվյալ պետության կամ համայնքի կամ բնակչության, և այդ հանձնառությունների խախտումները հաճախ ներելի են, այսինքն ՝ կարգավորիչ դաշտ չկա, որը կհետևի, որ խախտումները չլինեն։