Home / Շուկա / Վնասակար աշխատանքի համար հավելավճարները հանում են՝ առանց այլ մեխանիզմ առաջարկելու

Վնասակար աշխատանքի համար հավելավճարները հանում են՝ առանց այլ մեխանիզմ առաջարկելու

Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է վերացնել վնասակար աշխատանք կատարողներին վճարվող հավելավճարները: Սա, ըստ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանի, ժամանակավրեպ որոշում է:

«Ճիշտ է, որ Աշխատանքի միջազգային կազմակերպութոունը չի խրախուսում վնասակար աշխատանքի դիմաց ֆինանսական փոխհատուցումը, բայց դրան փոխարինող ալլ մեխանիզմներ է առաջարկվում, օրինակ՝ ռիսկերի գնահատում, պարտադիր ապահովագրություն, որին մասնակցում է գործատուն, և դա շահագրգռում է ներդրումներ կատարել աշխատատեղի պայմանները բարելավելու համար, որ վնաս չհասցվի աշխատողի կյանքին, առողջությանը: Այսինքն՝ մեր կարծիքով՝ հավելավճարները վերացնելը ժամանակավրեպ է, քանի դեռ այլ մեխանիզմները չկան»,- ասել է Խառատյանը:

Օրենսդրական փոփոխությունները նաև բացասական կետեր ունեն աշխատավարձի խնդրի հետ կապված, քանի որ հավելյալ ժամանակ աշխատելու համար հավելյալ աշխատավարձ ստանալու հարցը այժմ թողնվում է գործատու֊աշխատող բանակցությունների վրա։

«Այդ հավելավճարների համար պետությունը սահմանել էր նվազագույն շեմեր, որոնցից պակաս գործատուն իրավունք չուներ վճարել։ Հատկապես փոքր ձեռնարկատիրություններում բանակցություններն անիրատեսական են Հայաստանում, քանի որ աշխատանքային հարաբերությունների ձևավորումը իրականացվում է անձնական կապերի միջոցով»,֊ ասել է բանախոսը։