Home / Բանակ / Բժիշկները փարատեցին ԵՊՀ ռեկտորի «կասկածները»․ ուսանողներն իսկապես հաց չեն ուտում

Բժիշկները փարատեցին ԵՊՀ ռեկտորի «կասկածները»․ ուսանողներն իսկապես հաց չեն ուտում

Ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ հայտարարած անդամներին երեկ երեկոյան բժիշկներ են այցելել։ Այս մասին Epress.am֊ին ասաց հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանը։

Նշենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Tert.am֊ի հետ զրույցում կասկածի տակ էր դրել ուսանողների հացադուլի մեջ գտնվելը։

«Ինչի՞ պետք է նրանց հետ բանակցեմ, ասեք ես հասկանամ: Ես համոզված էլ չեմ, որ նրանք հաց չեն ուտում: Դավիթ Պետրոսյանը նստել է, իր համար որոշել է, գնամ, ասեմ՝ հացադուլ մի արա՞, մեծ տղա է, եթե որոշել է սոված մնալ, թող մնա», – ասել էր Սիմոնյանը:

Պետրոսյանի խոսքով՝ բժիշկները փարատել են ռեկտորի կասկածները։

«Բժիշկները երեկ ժամը 21։00֊ին եկել են, մեր ինքնազգացողությունն են ստուգել։ Մենք ուզում էինք, որ իրենք գային, ստուգեին, ասեին, որ մենք իսկապես հացադուլի մեջ ենք, քանի որ կային մարդիկ, ովքեր կասկածում էին, օրինակ՝ ռեկտորը։ Իրենք եկել էին մեր ինքնազգացողությունը ստուգելու նպատակով և այնպես ստացվեց, որ նրանք հաստատեցին, որ մենք իսկապես հացադուլի մեջ ենք»,֊ ասել է Դավիթ Պետրոսյանը։

Հացադուլավոր ուսանողի խոսքով՝ նրանց պահանջները շարունակում են մնալ նույնը՝ այն է, ակադեմիական տարկետման պահպանում։