Գլխավոր / Մարզեր / Սոթքի հանքի ղեկավարությունը պատժում է իր դեմ բողոքողներին․ նախկին աշխատակից

Սոթքի հանքի ղեկավարությունը պատժում է իր դեմ բողոքողներին․ նախկին աշխատակից

Չնայած Սոթքի ոսկու հանքում աշխատատեղերի առկայությանը, ղեկավարությունը հրաժարվում է նախկին աշխատանքին վերականգնել փականագործ Արմեն Երանոսյանին։ Վերջինիս խոսքով՝ «իրեն պատժում են», քանի որ ամիսներ առաջ Կառավարության մոտ ակցիաներ է արել։

Արմեն Երանոսյան

Վարդենիսի բնակիչ 41-ամյա Արմեն Երանոսյանը 4 տարի աշխատել է Սոթքի հանքում որպես փականագործ։ 2016 թվականին նրան գործից հեռացրել են, մոտ 1,5 տարի նա գործազուրկ է։

«Գնացել էի հորս, ախպորս գերեզմանը բետոնապատել էի, մի երկու բաժակ խմել էի․․․ Պատճառաբանել են՝ խմած ես։ Բայց գնացել եմ, տաբել չեմ ստորագրել, աշխատանքի չեմ մասնակցել, ինձ բռնեցին, անօրինական գործից ազատեցին», -Epress.am-ի հետ զրույցում ասել է Երանոսյանը։

Աշխատանքից ազատվելուց առաջ նա զգուշացում չի ստացել։

Նախկին աշխատատեղում վերականգվելու համար Երանոսյանը մի քանի անգամ տարբեր ակցիաներ է անցկացրել Կառավարության դիմաց, մասնավորապես, կարել է բերանը։ Այդ ժամանակ ոստիկանները բռնության կիրառմամբ նրան տարել էին հիվանադանոց, քանդել բերանի կարերը, ապա Երանոսյանի կամքին հակառակ տեղափոխել «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, որտեղից նրան դուրս էին հանել իրավապաշտպանները։

Վարդենիսի բնակիչը հանդիպել է նաև բոլոր հնարավոր տեղական և պետական չինովնիկներին։ Նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին։

2016 թվականի նոյեմբերի 27-ին վարչապետին գրած նամակը վերահասցեագրվել է Գեղարքունիքի մարզպետարան։ Մարզպետարանում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են նաև Երանոսյանը և Սոթքի հանքի ներկայացուցիչները։ Այդ ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Երանոսյանին իր նախկին աշխատատեղում վերականգնել։

Երանոսյանը, սակայն, այդ փաստաթութը ձեռքին նույնիսկ չի կարողացել լուծել աշխատանքի վերադառնալու հարցը։

«Նախկին տնօրենը՝ Մելքոնյան Արմենը, էսօր-վաղը խաբելով այդպես էլ աշխատանքի չի ընդունել», -ասել է փականագործը։

Մարզպետարանի որոշումից վեց ամիս անց Մելքոնյանը մահացել է։ Նոր տնօրեն Արայիկ Միդոյանն էլ, Երանոսյանի խոսքով, իրեն ասել է․ «Ակցիա ես արել, քեզ չենք կարող վերականգնել․․․ Ակցիա ես արել, ռուսները (ընկերության բաժնետերերը) քեզ չեն ուզում ընդունել աշխատանքի»։

Երանոսյանը նաև ասում է, որ Միդոյանն իրեն անգամ առաջարկել է ազգանունը փոխել վերականգնվելու համար․ «[Ասում է]՝ ազգանունդ փոխի, որ թղթերդ ուղարկեմ, չիմանան որ դու ես․․․ Խի ինձ Հայաստանից դեպո՞րտ են արել, որ ազգանունս փոխեմ»։

Երանոսյանը միակը չէ, որ չի կարողանում վերականգնվել։ Օրեր առաջ Սոթքի հանքի մոտ 4 տասնյակ նախկին աշխատողներ ակցիա էին անցկացրել, ճանապարհ փակել։ Երանոսյանի խոսքով՝ որոշներին ընդունել են աշխատանքի, իսկ մի մասին, այդ թվում և իրեն՝ ոչ։ Նա վստահ է, որ իրականում շատ թափուր աշխատատեղեր կան հանքում․ «Ամեն շաբաթ էլ նոր մարդկանց են ընդունում»։

Վարդենիսում աշխատատեղ գրեթե չկա․ երիտասարդները հիմնականում աշխատում են որպես պայմանագրային զինծառայող, հոգեբուժարանում գործ կա և հանքում։

Երանոսյանը 3 միլիոն վարկ ունի, տան և հողերի վրա կալաք են դրել, ԴԱՀԿ-ն էլ վաճառքի է հանել Երանոսյանի տունը։

«Ինչ գործ ուզում են տան, ես պատրաստ եմ անել ամեն ինչ», — ասում է տղամարդը։