Home / Բանակ / Հացադուլավոր ուսանողը խոսել է բանակի խնդիրների մասին

Հացադուլավոր ուսանողը խոսել է բանակի խնդիրների մասին

Դեկտեմբերի 18֊ից հացադուլի մեջ գտնվող «Հանուն գիտության նախաձեռնության» անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով արված տեսաուղերձում խոսել է ներբանակային որոշ խնդիրների մասին, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ է վերացնել։

«Մենք պետք է խոսենք այս խնդիրների մասին, եթե ցանկանում ենք բանակը բերել այնպիսի բանակի, ինչպիսին Իսրայելում է»,֊ ընդգծել է Դավիթ Պետրոսյանը։

Ուսանողի խոսքով՝ հայկական բանակը մեր հասարակության «խտացված տարբերակն է»։

«Հիմնականում նորակոչիկի առաջին տրամադրվածությունը լինում է այնպիսին, որ նա եկել է մի միջավայր, որտեղ երկու տարի իր գոյության համար պետք է կռիվ տա։ Պետք է լինեն կանոնադրական հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ սպան ոնց ուզի կարող է զինվորի հետ խոսել»,֊ ասել է Պետրոսյանը։

Նախկին զինծառայողի կարծիքով՝ «գումարտակում և պոստերում իրավիճակը նույնն է»։

«Այն, ինչ կա գումարտակում տեղափոխվում է պոստ։ Չի կարող այնպես լինել, որ գումարտակում բոլորը բոլորի հետ կռվեն, բայց պոստում բոլորը բոլորի հետ լավ լինեն։ Սրա պատճառով պոստում առաջանում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրակոցները, ինքնասպանության դեպքերը, հայհոյանքները»,֊պատմել է նա։

Տարկետման օրենքի վերանայման պահանջով հացադուլ անող ուսանողը խոսել է նաև ՊՆ֊ի կողմից զինվորներին տրամադրվող 3400 դրամի մասին։

«Շատ են խոսում 3400 դրամների մասին, սակայն, չեն խոսում այն մասին, թե որտե՞ղ է այդ գումարը ծախսվում։ Երբ զինվորը ստանում է այդ գումարը, նա միանգամից գնում է չայնի՝ քաղցր սնունդ ստանալու։ Նա այդ գումարը չի օգտագործում այլ նպատակներով։ Սեփական կարիքները հոգալու համար դա բավական չէ, դրա համար մենք ունենք տուլիկների ինստիտուտ։ Ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են բանակ, բայց ամեն ամիս 10 հազար դրամից ավելի գումար են ուղարկում։ Սակայն, մեզ մոտ առկա սոցիալական պայմաններում ոչ բոլոր ընտանիքներն են կարող օգնել իրենց զինվոր երեխաներին։ Արդյունքում ինչ֊որ մարդիկ սնվում են, ինչ֊որ մարդիկ մնում են սոված»,֊ ասել է Պետրոսյանը։

Նա նաև անդրադարձել է ռազմական ոստիկանության հարցին․ «Քանի՞ հոգի մարդ հանցագործություն տեսնելու դեպքում կզանգի ոստիկանություն։ Այս նույն խնդիրը կա բանակում։ Զինվորին ստիպում են, եթե քո ընկերոջը խփում են, դու պետք է լեյտենանտին ասես, նա էլ ռազմական ոստիկանությանը և նրանք այս հարցը կգան կլուծեն։ Միթե՞ մարդիկ պատրաստ են այսպիսի բանի։ «Գործ տալ» բառակապակցությունը, որ մեզ մոտ այսպես տարածված է, մենք ուզենք թե չուզենք գնում է բանակ։ Եվ ոչ միայն զինվորնեը դա չեն ընդունում, այլև՝ սպաները»։

Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ զինվորների՝ ընտանիքի հետ հեռախոսի միջոցով կապը պահելու խնդիրը ևս մեծ է բանակում։

«Եկեք գնանք ցանկացած վաշտ և տեսնենք, թե քանի՞ վաշտում նախատեսված երեք հեռախոսները կան։ Կամ ինչ֊որ լեյտենանտ իր պարտքերի համար ծախել է, կամ ինչ֊որ մեկը գողացել է։ Արդյուքնում զինվորները պահում են հեռախոսներ։ Սպաներին ստիպում են հետևել, որ զինվորները չպահեն, կամ եթե պահում են, ուրեմն նրանք պետք է իմանան»,֊ ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ այս դաշտը բանակում ևս չի կարգավորվում։

Պետրոսյանը խոսել է չինովնիկների սահմանային այցելությունների և նրանց վարքագծի մասին։

«Այժմ շատ մարդիկ բանակն օգտագործում են որպես PR֊ի միջոց։ Գնում են պոստեր, ինչ֊որ քարի մոտ նկարվում են, զինվորի հետ են նկարվում, լավագույն դեպքում ինչ֊որ շոկոլադ են տանում և անունը դնում են, որ մենք մտածում ենք բանակի մասին։ Բայց սա նեղ ամբիցիաներ հետապնդող քայլեր են։ Զինվորի, բանակի հաշվին անձնական վարկանիշ հավաքելը։ Սա անթույլատրելի է»,֊ նշել է ուսանողը։

Պետրոսյանը չի շրջանցել նաև չինովնիկների վարքագիծը ապրիլյան պատերազմի օրերին․ «Պոստում զինվորների համար սահմանված քնելու տեղեր կան։ Երբ այդ մարդիկ գալիս են և գիշերը քնում են, 18 տարեկան տղան ամաչում է գնա ասի հորեղբայր իմ քնելու ժամանակն է ես պետք է քնեմ։ Նույնիսկ սպան նրան չի կարող ասել, որ այն ամանը, որից դու կերել ես, քո հետևից պետք է լվանաս։ Այդ ամանը լվանում է զինվորը։ Եվ սա զինվորների մոտ խնդիրների պատճառ է»։