Գլխավոր / Բանակ / «Իշխանությունը մեզ չի հաղթի»․ Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

«Իշխանությունը մեզ չի հաղթի»․ Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

5 օր տևած հացադուլից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է այն, բայց պնդում է, որ շարունակելու է պայքարը։ Epress.am֊ի հետ զրույցում նա բացատրել է հացադուլի դադարեցման պատճառը․ «Դասախոսներ, ընկերներ, շատ այլ մարդիկ, որոնց ես հարգում եմ 500֊ից ավելի ստորագրություն էին հավաքել, որ դադարեցնեմ հացադուլը։ Մի քիչ անիմաստ էր դառնում, մարդկանց էլ անհարմար դրության մեջ էի դնում։ Հիմնականում դրա համար դադարեցրի։ Թե չէ մենք մեր ուղերձը չենք փոխել, այն է՝ չենք լեգիտիմացնում իշխանություններին և հենց այդ օրենքը»։

Հարցին, թե միայն «ուրիշներին անհարմարություն չպատճառելու» համար արժե՞ր հրաժարվել հացադուլից, Պետրոսյանը պատասխանել է․ «Ես չէի սպասում, որ նման արձագանք կլիներ։ Ես ավելի շատ սպասում էի, որ կոնսոլիդացումն այդ գաղափարի շուրջ կլինի, և հացադուլ անող ես ու ընկերս առաջնային ուշադրության չէինք լինի»։

Պետրոսյանի խոսքով՝ այս փուլում իշխանությունը նրանց չի «հաղթել»։

«Իշխանությունը մեզ չի հաղթի։ Մենք ձեռք ենք բերել շատ լավ ընկերներ, նոր ծանոթություններ, կապեր։ Այդ տեսակի հաղթանակը հաղթանակ չէ, իրենք ուղղակի ցույց տվեցին իրենց թուլությունը։ Ինչ վերաբերում է օրենքի ընդունմանը, էդ տեսակ հաղթանակներն իրենց վաղ թե ուշ պարտության են բերելու, քանի որ մարդկանց համբերության բաժակը լցվում է»,֊ ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ուսանողի պնդմամբ՝ իրենք շարունակելու են պայքարը։

«Որոշել ենք մի քիչ դադար վերցնենք։ Տոներից հետո ոչ միայն տարկետման հարցի շուրջ, այլ կրթական ոլորտի հետ կապված հարցերով հանդես կգանք, որը դեռ պետք է քննարկենք»,֊ ասել է Պետրոսյանը։