Գլխավոր / Բանակ / Նորակոչիկների իրավունքները խախտվում են հատկապես բուժզննության ընթացքում․ զեկույց

Նորակոչիկների իրավունքները խախտվում են հատկապես բուժզննության ընթացքում․ զեկույց

2016 թվականի ձմեռային և 2017 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքների խախտումների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենjակը ստացել է 59 դիմում։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում «Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» զեկույցի ներկայացման ժամանակ ասել է կազմակերպության խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։

«Սա նախորդ տարվա համեմատ 2 դիմումով ավելի է։ Ընդ որում, 59 դիմումներից 50֊ը կապված են եղել առողջական խնդիրների հետ։ Ինչ վերաբերում է մյուս 9 դիմումատուներին, նրանք ցանկանում էին ստանալ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ պարզաբանումներ։ Եվ կա նաև այնպիսի դեպք, երբ ՀՀ քաղաքացները ցանկանում են իմանալ՝ իրենց արդյոք կարող են զորակոչել, թե ոչ։ Սա նշում եմ, քանի որ Ուկրաինայի քաղաքացին ծանուցվել էր ներկայանալու զորակոչման համար նախատեսված բժշկական զննության»,֊ ընդգծել է Արմինե Սադիկյանը։

Համաձայն ՀՔԱՎ֊ի զեկույցի, նորակոչիկների իրավունքները խախտվում են հատկապես բուժզննության ընթացքում։

«Չնայած օրենքով նախատեսված է համալիր բուժզննություն, սակայն, նորակոչիկները համալիր բուժզննության չեն ենթարկվում։ Ոչ միշտ է զորակոչիկների գանգատները հաշվի առնվում բժշկական հանձնաժողովի կողմից։ Բացի սա, երբ զորակոչիկը ցանկանում է ճշտել իր առողջական վիճակը քաղաքացիական բժշկական հաստատությունում նրանց հրաժարվում են կամ բուժզննել, կամ զննելու դեպքում որևէ փաստաթուղթ տրամադրել։ Սա նշանակում է, որ կա հրահանգավորում», ֊ ասել է Սադիկյանը։

Սադիկյանի խոսքով՝ թեև ՀՀ Պն նախարարի 410 հրամանը սահմանում է հիվանդությունների ցանկը և պիտանիության չափանիշները, սակայն, սա չի խանգարում, որ խնդիրներ ունեցող նորակոչիկները բանակ զորակոչվեն։

«Եթե ինչ֊որ մեկի հիվանդության մեջ նշված է չափավոր կամ խիստ արտահայտված տվյալ հիվանդությունը, ապա վերջնական որոշման մեջ, քանի որ նա այդ չափավոր բառով պետք է տարկետում ստանար կամ ազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից, փոխարինվում է աննշան բառով, որն արդեն թույլ է տալիս պիտանելիության որոշակի սահման»,֊ նշել է Սադիկյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ բժշկական քննության կարգը որոշակի փոփոխություն է կրել։

«Բժշկական քննության կարգը և հիվանդությունների ցանկը, որը մենք պնդում ենք, որ պետք է լինի օրենքի մակարդակով, հիմա կատարվել է կիսաքայլ, այն է պետք է կառավարության որոշմամբ սահմանվի։ Սպասում ենք, որ այդ որոշումը կկայացվի և կլինի առանձին իրավական ակտով։ Մյուս մոտեցումը, որը մի քանի օր առաջ տարածվեց ՊՆ֊ի կողմից բժշկական զննության իրականացումը պետք է լինի հնարավորինս անկախ»,֊ ասել է Սաքունցը։