Գլխավոր / Դատարան / Ընտրությունները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների քանակը սահմանափակող դրույթը հակասահմանադրական է

Ընտրությունները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների քանակը սահմանափակող դրույթը հակասահմանադրական է

Սահմանադրական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, որոշել է մեկ ԶԼՄ-ի կողմից 50-ից ավելի ներկայացուցիչների հավատարմագրումն արգելող դրույթը համարել հակասահմանադրական։ Այս մասին հայտնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը։

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը դիմել էր ՍԴ՝ նշելով, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության մեջ ամրագրված միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգավածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների դրույթը հակասահմանադրական է։

«2016 թ․ մայիսի 25-ին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ նախադասությանը սահմանափակում է մեկ իրավաբանական անձի անունից տարածվող մեկից ավելի զանգավածային լրատվության միջոցի և այդ զանգավածային լրատվության միջոցի 50-ից ավելի ներկայացուցիչների հավատարմագրումը։ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը 2017 թ․ մարտի 9-ին դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 2 զանգավածային լրատվության միջոցի («Ասպարեզ» օրաթերթ և asparez.am լրատվական կայք) և դրանց 1000 ներկայացուցչի հավատարմագրելու պահանջով։ Հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներին՝ ԿԸՀ-ն մերժել էր այս դիմումը։ Հասարակական կազմակերպությունը բողոքարկել էր ԿԸՀ համապատասխան որոշումը վարչական դատարան․ վերջինս, սակայն, մերժել էր կազմակերպության հայցը։ Դրանից հետո կազմակերպությունը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան», ֊ նախապատմությունը ներկայացնում է կազմակերպությունը։

Դիմողի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Վահե Գրիգորյանը և Տիգրան Եգորյանը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում, մասնավորապես, նշել են, որ օրենքով սահմանված այս միջամտությունը դիմողի իրավունքին չի հետապնդում իրավաչափ նպատակ և անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում։