Գլխավոր / Առողջապահություն / «Հրահանգված է, որ սաղին ասեն՝ բարի ճանապարհ»․ ալերգիայից տառապող զորակոչիկին ուզում են բանակ ուղարկել

«Հրահանգված է, որ սաղին ասեն՝ բարի ճանապարհ»․ ալերգիայից տառապող զորակոչիկին ուզում են բանակ ուղարկել

Օմարի լեռնանցք թող տանեն, ո՛չ ծառ կա, ո՛չ խոտ, ո՛չ մարդ․ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի դեկտեմբերի 25-ի նիստի ժամանակ հանձնաժողովի անդամ կանայք հումորով քննարկում էին բույսերից եղնջացան (ալեգիա) ունեցող 18-ամյա Էմիլ Առաքելյանին զորակոչելու հարցի հետ կապված մոր` Էլմիրա Ոզինյանի դիմումը։

Ծնողների խոսքով՝ գարնանը, ամռանը և աշնանը սրվում է որդու հիվանդությունը․ «Եթե չի սրսկվում, սկսում է խեղդվել, արագ դեղ են տալիս, կարգավորվում է»։

Ծանոթ ալերգոլոգներից մեկն էլ ասել է․ «Էս ալերգիայով ձեր որդու տակ ռումբ է դրված»։ Բժշկական փաստաթղթերում գրված է, որ նա ալերգիա ունի աշորայից, ճիլխոտից, ծաղկափոշուց։

Ծնողները, սակայն, պետք է ապացուցեն, որ որդու մոտ «համակարգային ռեակցիա» կա (երբ հիվանդությունը շատ հաճախ է կրկնվում), այդ դեպքում նոր միայն կարող է քննվել տարկետման հարցը։

Արաբկիրի զինկոմիսարիատում, համաձայն զորակորչիկի ծնողների, իրենց ասել են, որ վերջին անգամ 1,5 տարի առաջ են դիմել հիվանդանոց, դրանից հետո երբ հիվանդությունը կրկնվել է, իրենք չեն դիմել, դրա համար որդին ճանաչվում է պիտանի։

«Ինձ ոչ մեկը չի ասել [որ այդպիսի բան կա], ես տնային պայմաններում եմ բուժում արել», — ասում է հայրը։

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը ծնողներից պահանջում է կլինիկական փաստաթուղթ, որտեղ ամսական առնվազն 3 անգամ հաստատված կլինի, որ տղայի մոտ հիվանդությունը կրկնվել է։

— Ցույց տվեք, տվեք մեզ հնարավորություն [տեսնել], որ նրա մոտ կա սուր եղնջացան։ (հանձնաժողովի անդամ)

— Բայց դեկտեմբեր ամսին աշորա կամ ճիլխոտ չի լինում․․․ որ կրկնվի, որ մենք էլ ցույց տանք։ (զորակոչիկի հայր)

Ծնողները խնդրում են, որ գոնե մինչև գարուն սպասեն, խոտը դուրս գա, տեսնեն՝ ոնց է տղան, նոր ուղարկեն բանակ։

— Դե լավ թող մայիսին լիներ երեք անգամ։ (հանձնաժողովի անդամ)

— Բայց ո՞նց կրկնվեր, եթե հենց ինքը վատանում է, դեղ է խմում․․․ Այսինքն, ես պետք է ամիսը երեք անգամ երեխուն տանեմ, քցեմ խոտերի մեջ, որ ապացուցե՞մ, որ իմ երեխեն հիվանդ է։ Ես իրան քաղաքից դուրս չեմ հանում։ (զորակոչիկի հայր)

— Մի՛ գցեք խոտերի մեջ։ Լավ եք անում, ճիշտ եք անում, չարժի ոչ մի բանի համար վտանգել երեխայի առողջությունը։ (հանձնաժողովի անդամ)

— Մեր սխալն է եղել, որ դեղ տվել ենք անընդհատ ու չենք տարել հիվանդանոց։ (զորակոչիկի մայր)

— Հաճախակի արձանագրեիք էդ դեպքում․․․ բերեք էդ թղթերը, եթե մեկ ամսվա մեջ 3 անգամ գրանցված լինի, դա էլ է ապացույց մեզ համար։ (հանձնաժողովի անդամ)

Հանձնաժողովի անդամներից մեկը կարծիք հայտնեց, որ ավելի լավ կլինի, որ բանակ տանեն․ «Կրկնության դեպքում բուժկետում կգրանցվի, եթե ամսվա մեջ մի քանի անգամ էլ լինի, գուցե ազատեն բանակից»։

— Իմ երեխեն չի գնա բանակ, ես նախընտըրում եմ, որ էսօր իմ երեխեն կալանավորվի։ (զորակոչիկի հայր)

Հայրը որոշել է գործը տալ դատարան․ «Դատը կշահեմ»։

«Բան մի՛ ասա, չես տեսնում դեմքերից երևում է, որ հրահանգված է, որ սաղին ասեն՝ բարի ճանապարհ», — կնոջը դիմելով՝ ասել է նա։

Էմիլ Առաքելյանի ծնողները հանձնաժողովի անդամների հետ վիճաբանելուց հետո դուրս եկան։ Epress.am-ի լրագրողը փորձել է զրուցել նրանց հետ, սակայն հայրը մերժել է՝ նշելով․ «Էլ ոչ մեկին չեմ վստահում»։