Գլխավոր / Առողջապահություն / «Սասնա ծռեր»-ից 2֊ը վատ պայմաններով խցերում հացադուլ են անում․ փաստաբաններ

«Սասնա ծռեր»-ից 2֊ը վատ պայմաններով խցերում հացադուլ են անում․ փաստաբաններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հացադուլ են անում։ Epress.am-ը զրուցել է նրանց փաստաբանների՝ Արմինե Ֆանյանի և Հայկ Ալումյանի հետ, որոնք բողոքել են հացադուլավորների համար նախատեսված խցերի վատ պայմաններից։

Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է արդեն 8 օր։ Վերջինս պահանջում է իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից և պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել՝ անհաժեշտության դեպքում նույնիսկ քաղաքացիական հիվանդանոցում։

Բիլյանն այժմ գլխի հետազոտության կարիք ունի, որի համար, Ֆանյանի խոսքով, իրենք պատրաստ են վճարել։

««Նուբարաշենում» բժշակական օգնություն ու սպասարկում իրականացնող անձնակազմ գրեթե չկա, մի բժիշկ ունեն՝ ամեն ինչի համար», — նշել է Ֆանյանը։

Բացի դրանից՝ «Նուբարաշեն»-ի խցերը գերբնակեցված են։ Մասնավորապես, Բիլյանի խցում 7 հոգու փոխարեն մնում են 13 հոգի, որոնք ողջ ընթացքում ծխում են։

«Ինչ վերաբերում է հացադուլավորների խցին, այնտեղ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ են։ Պաշտպանյալս հիմա շատ մեծ ու սարսափելի խցում է։ Քնել հնարավոր չէ, այնպես ցուրտ է», — նշել է փաստաբանը։

Բիլյանի բողոքի հետ կապված, Ֆանյանի պնդմամբ, դատապարտյալների հիվանադանոցում ձևական հանձնաժողով են ստեղծվել, որը եկել է այն եզրակացության, որ նա առողջական խնդիր չունի․ «Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ, ըստ նրանց, մարդը հենց այնպես պետք է հացադուլ անի»։

Սմբատ Բարսեղյանը 4 օր է հացադուլի մեջ։ Նա նույնպես պահանջում է տեղափոխվել «Նուբարաշեն»-ից «Արմավիր» ՔԿՀ-ը։

«Դիմում ենք գրել, դիմումին դեռ պատասխան չկա», — ասել է Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ հացադուլավորների համար նախատեսված խուցը, որտեղ այժմ իր պաշտպանյալն է գտնվում, վատ պայմաններ ունի, մասնավորապես, չի ջեռուցվում։