Գլխավոր / Վերլուծություն / Ինչից են դժգոհում Իրանում․ կարգախոսների բազմազանությունն ու արևմտյան մեդիան

Ինչից են դժգոհում Իրանում․ կարգախոսների բազմազանությունն ու արևմտյան մեդիան

Jadaliyya (արաբերեն՝ դիալեկտիկա) առցանց  ամսագիրը անդրադարձել է Իրանi բողոքներին և այլ երկրների մեդիայի կողմից այդ ակցիաների լուսաբանմանը։ Հոդվածի կրճատումներով թարգմանությունը՝ ստորև․

Դեկտեմբերի 28-ից ի վեր Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում (Մեշհեդ, Կերմանշահ, Ռեշտ, Իսֆահան)։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ցույցերը սկսել են  նախագահ Հասան Ռոհանիի կառավարության ընդդիմախոսները՝ հյուսիս֊արևելյան Մեշհեդում։ Վերջիններս, սակայն, հերքել են, որ կապ ունեն շարժման կազմակերպման հետ։ Սկզբնական շրջանում ցուցարարների բողոքը հիմնականում մթերքի թանկացման դեմ էր՝ դասական ընդվզում երկրի տնտեսական վատ վիճակի հետ կապված։ Ցուցարարները հասել են Թեհրան, որտեղ նրանց միացել են նաև ուսանողներ։ Բարդ է ասել՝ գործ ունենք մի բողոքի ակցիայի հետ, թե մի քանի շարժումների, քանի որ բարձրաձայնվում են տարբեր (երբեմն հակասական) մտահոգություններ և լուծման եղանակներ։

Փորձագետները և ինքնահռչակ փորձագետները շտապում են եզրակացություններ անել ցույցերի մասին։ Թրամփի վարչակազմի, Վաշինգտոնի աջակողմյա վերլուծական կենտրոնների և այլոց ոգևորությունն ակնհայտ է։ Կանխատեսելիորեն նրանք, ովքեր հետևողականորեն պահանջում էին Իրանի միջազգային կղզիացումը, պատժամիջոցների կիրառումը, ռազմական միջամտություն և ռեժիմի փոփոխություն, փորձում են օգտվել դժհոգության ալիքից և դա յուրացնել իրենց գաղութարար օրակարգերի համար։ Այդ բացահայտ օպորտունիզմն առնվազն նյարդայնացնող է։

Արևմտյան մեդիան, աննշան բացառություններով, սոցիալ֊տնտեսական այս դժհոգությունը և կառավարութունից հաշվետվողականության պահանջը ներկայացնում է որպես «ռեժիմի փոփոխության» պահանջ։ Նույն անձինք և ինստիտուտները շարունակաբար արհամարել են այն փաստը, որ բողոքները և գործադուլները՝ ուսուցիչներից մինչև թոշակառուներ, սովորական բան են դարձել Իրանում նախագահ Հասան Ռոհանիի 2013 թվականի ընտրվելուց ի վեր։ Վերջինիս վարչակազմը փորձում է տարբերակել լեգիտիմ քաղաքացիական մտահոգույթուններ արտահայտող քաղաքացիներին հեղաշրջում ցանկացողներից։ Այս կարևոր տարբերակումը չի փարատում լիբերալների մտահոգությունները, թեև այդ օրակարգը կարևոր է քաղաքացիական պայքարն ինստիտուցիոնալիզացնելու համար։ Այս ձեռքբերումները, ինչպես նաև այլ հարցերը (հիջաբ կրելու կանոնները մեղմելը, մինչև 2 կիլոգրամ թրմամիջոցների շրջանառության համար մահապատժի վերացումը) անկարևոր չեն։ Դրանք կարևոր են միլիոնավոր իրանցիների համար։

Իրանում ծագած ցանկացած դժգոհություն գրեթե միշտ դրսում լուսաբանվում է որպես ամբողջ համակարգի լեգիտիմությունը խնդրականացնող շարժում։ Ինչից էլ բխում է, որ ամեն ինչ լավ կլինի, եթե համակարգն ամբողջությամբ փոխվի։ «Ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցումը, որը որդեգրվում է Իրանի շարժումների մեյնստրիմ լուսաբանման դեպքում, կանխում է իրական մտահոգությունների շուրջ քննարկումները։ Այդպիսի մտահոգություններն  են` անհավասարությունը, մթերքի բարձր գները, օդի աղտոտվածությունը, բնապահպանական դեգրադացիան, ներքին արտադրողականության անկումը, տնտեսական դիվերսիֆիկացիան, երիտասարդների գործազրկությունը, կոռուպցիան և այլն։ Այս հարցերը հազիվ թե կարելի է վերլուծել «ռեժիմի փոփոխության» նարատիվիում և այն ենթադրության համատեքստում, ըստ որի արևմտյան ուժերի քաղաքականությունը ուղղված է ժողովրդավարության հաստատմանը։ Իրականում, եթե այդ վերլուծաբանները կարողանային ազատվել իրենց կարծրատիպերից, գուցե նկատեին, որ նշված հարցերը առաջացել են շատ երկրների քայլերի հետևանքով նաև։

Այս բողոքի ակցիաները գոնե սկզբում նման էին Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության շրջանի ակցիաներին, երբ 1991-1992 թվականներին ազգային արժույթի արժեզրկումը հասավ մոտ 46 տոկոսի և մթերքի (առաջին հերթին՝ հացի) գները կտրուկ բարձրացան։ Ռաֆսանջանիի նախագահության երկրորդ շրջանում (1993-1997) թանկացումների դեմ անընդհատ ցույցեր էին անցկացվում։ Ցույցերն ի վերջո մարեցին, սակայն դրանք թուլացրեցին Ռաֆսանջանիի կառավարությանը և ստիպեցին հետ կանգնել տնտեսական քաղաքականության օրակարգից (որը նախատեսում էր սուբսիդիաների կրճատում, արտաքին պարտքի մեծացում) :

Վերջին ակցիաների կարգախոսներից շատերը, իհարկե, քաղաքական էին և ստատուս քվոյի դեմ։ Սակայն կային նաև կարգախոսներ, որոնք ընդամենը ցույց էին տալիս՝ ինչպես են սոցիալ֊տնտեսական մտահոգությունները խառնվում ռասիզմի և քսենոֆոբիայի դրսևորումներին։ Սա պետք է որ նորություն չլինի նրանց համար, ովքեր հետևել են աջ պոպուլիզմի վերելքին՝ Եվրոպայում  և ԱՄՆ֊ում։ Այսպիսով, ոչ միայն բարձրաձայնվում է դժգոհությունն առ այն, որ Իրանի ղեկավարությունը պաշտպանում է  Լիբանանում Հեզբոլլահին և Սիրայում Ասադի ռեժիմին, այլև այսպիսով արթնանում է հակա֊արաբական դիսկուրսը և Ռեզա Շահի ժամանակվա հանդեպ նոստալգիա: Այս հայացքները ևս հաճախ մշակվում են արևմտյան մեդիայի կողմից, ինչպես նաև իրանական սփյուռքի հեռուստաընկերությունների կողմից։