Գլխավոր / Բանակ / Սահմանին զինծառայող է մահացել․ պաշտոնական

Սահմանին զինծառայող է մահացել․ պաշտոնական

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը կապվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի գյուղապետ Սուլիկո Շուշանյանի հետ, որտեղից ծնունդով էր Վաչե Չիլինգարյանը։

Գյուղապետի խոսքով՝ զինվորն օգնության է շտապել իր վիրավորված ընկերներին։

«Հայտնել են, որ ընկերոջը խփել են, ինքը գնացել է օգնության, իրեն են խփել, հետո ևս մեկն էլ է գնացել օգնության իրեն էլ են խփել: Մեկ զոհ ունենք, երկու վիրավոր»,- ասել է գյուղապետը։

Թերթը գրում է , որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավոր երկու զինծառայողների մասին տեղեկությունը չի հաստատել։

Հունվարի 6-ին Քննչական կոմիտեն հայտնել էր ևս մեկ զինծառայողի՝ 25- ամյա Մհեր Զիրոյանի մահվան դեպքի մասին։

«Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով», — նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: